Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը:

SS-PEK

SS-PEK02

2568_b

Նշվել է, որ կենտրոնը փաստացի գործունեություն է իրականացնում 2012թ. հունիսից՝ նպատակ ունենալով ապահովել հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման, հատուկ ուսուցման և տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստման աշխատանքները: Նախագահը շրջայց է կատարել մասնագիտացված լսարաններում, ծանոթացել կենտրոնում ստեղծված պայմաններին, ուսումնական ծրագրերին, գործնական դասընթացների արդյունքներին: Հանրապետության նախագահին այստեղ ցուցադրել են նաև մաքսային ծառայողի նոր համազգեստը:

Մաքսային ծառայության ուսումնական կենտրոնից Նախագահը մեկնել է ՀՀ ՊԵԿ Արաբկիրի տարածքային հարկային տեսչություն, որտեղ շրջայցի ընթացքում նրան ներկայացրել են հարկային այդ ստորաբաժանման կողմից մատուցվող ծառայություններն ու էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման մեխանիզմը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև հարկային պարտավորությունների հաշվառման վիճակին, հարկային հաշվառման թղթային կրիչներից էլեկտրոնայինին անցման ամբողջ գործընթացին:

SS-PEK03

2567_b

SS-PEK0

ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումներում շրջայցը Նախագահն ավարտել է Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչության ուսումնական կենտրոնում, որի պայմաններին ծանոթանալուց հետո, աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է 2013թ-ի առաջնահերթություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով ընթացիկ տարում շարունակվելու են ՊԵԿ աշխատանքները: Նախագահին զեկուցվել են նաև ՊԵԿ գործունեության արդյունքները, 2012թ. ընթացքում իրականացված բարեփոխումները:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե իր նախորդ այցի արդյունքում տված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների, համակարգում կատարված լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ և պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի հա¬մար պարգևատրել ՀՀ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների:

SS-PEK04

SS-PEK4

SS-PEK55

«Նախ, ուզում եմ ասել, որ ինձ համար շատ հաճելի էր տեղերում ծանոթանալ այն առաջընթացին, որ ՊԵԿ-ը գրանցել է ու նաև, իհարկե, այս խորհրդակցությանը մասնակցել, ձեզ հետ միասին ամփոփել 2012թ. արդյունքներն ու նախանշել այն խնդիրները, որ մենք միասին պետք է իրականացնենք 2013թ.: Միանգամից պետք է ասեմ, որ իմ գնահատմամբ՝ ՊԵԿ-ը հիմնականում կատարել է 2012թ. իր առջև դրված խնդիրները: Խոսքն այստեղ միայն պետական եկամուտների հավաքագրմանը չի վերաբերում, թեև դա, բնականաբար, ունի շատ կարևոր նշանակություն: Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին շատերը խոսում, որ անհնար է մեկ տարվա ընթացքում եկամուտներն ավելացնել 101 մլրդ դրամով: Բայց, փառք Աստծո, նաև այս անգամ այդ փլուզում գուժող մարդկանց ասածները չիրականացան, և դուք կարողացաք կատարել այդ ցուցանիշը: Դրա հետ զուգահեռ նաև իրականացվեցին բարեփոխումներ, որոնցից շատերի մասին մենք լսեցինք, ծանոթացանք դրանց: Իմ կարծիքով, այդ բարեփոխումների ամենից օբյեկտիվ գնահատականը երկուսն են. մեկը՝ Համաշխարհային բանկի Doing busieness ցուցանիշն է: Այդ վարկանիշային աղյուսակում, որտեղ դուք գիտեք նաև ձեր և ոչ միայն ձեր աշխատանքի շնորհիվ մեր երկիրը մեծ առաջընթաց արձանագրեց, մենք այսօր 32-րդ տեղում ենք, ինչը բավականաչափ համեստ, բայց լավ ցուցանիշ է: Եվ երկրորդ՝ հարկ վճարողների մոտ այս ժամանակահատվածում ինչ-որ բան է փոխվել»,-ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը կարևորել է նաև ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ հարկ վճարողների վերաբերմունքի, տարիներ ի վեր ձևավորված ոչ բարյացակամ մթնոլորտի փոփոխության դրական միտումները և համագործակցությունը. «Սա շատ մեծ ցուցանիշ է: Եվ պետք է ասեմ, որ ընդհանրապես մեր երկրի մթնոլորտի, բարոյական մթնոլորտի վրա այս պրոցեսի ազդեցությունը չափազանց մեծ է: 2013թ. համար պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, մուտքերի հավաքագրման պրոցեսը լարվածությամբ, իհարկե, զիջելու է 2012թ., թեև իմ ասածը չի նշանակում, որ 2012թ. հավաքագրումները հեշտ գործ էին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով 2013թ. ՊԵԿ-ի կողմից իրականացվելիք աշխատանքների մասին՝ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ լարվածություն առաջին հերթին լինելու է համակարգի աշխատակիցների աշխատանքում և այն ծրագրերի իրականացման գործում, որը նրանք այսօր ներկայացրեցին: «Անկեղծ ասած, ես խիստ բավարարված եմ այն աշխատանքով, որ կատարվել է: Եվ սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի դուք ձեր աշխատանքի տեմպը դանդաղեցնեք, այլ նրա համար, որպեսզի ուրիշների համար սա լինի որպես օրինակ: Ես, իրոք, շատ ուրախ կլինեմ, եթե մեր պետական կառավարման համակարգում ձեր արածի գոնե 80 տոկոսն արվեր՝ այս ամբողջ պրոցեսները ժամանակակից հիմքերի վրա դնելու առումով: Սա շատ կարևոր խնդիր է: Շատ: Սա մեր պետության ապագայի խնդիրն է, մեր տնտեսության ապագայի խնդիրն է: Սա մեր հեղինակության խնդիրն է»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը կարևորել է սկսված բարեփոխումները նույն տեմպով շարունակելու և համակարգը գրագետ, կազմակերպված ու իրենց գիտելիքները պետության զարգացման համար ներդնելու պատրաստ, օրինակելի պետական ծառայողներով համալրելու գործընթացը:

Նախագահը շեշտել է, որ եթե այսօր չի ցանկանում խոսել համակարգի խնդիրների, թերությունների մասին, ամենևին չի նշանակում, թե դրանք չկան: Սակայն, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, եթե տեսանելի է համակարգի ինքնամաքրվելը, եթե տեսանելի է, որ ցանկություն կա աշխատանքի որակը բարձրացնելու, և այդ աշխատանքում կա առաջընթաց, որը համապատասխանում է առաջադրված խնդիրներին, ուրեմն առաջին հերթին պետք է դա գնահատել: Նախանշված ծրագրերի իրականացման գործում Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին:

ՀՀ նախագահի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս