Բաժիններ՝

Թուրքիան Կարսի, Արարատի ու Վանի նահանգների ականազերծման վրա ծախսելու է ավել քան 52 միլիոն եվրո

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայի արևելյան նահանգներում իրագործվելու է տարածքների ականազերծման նախագիծ: Այն գնահատվում է 52.450.000 եվրո: Նախագիծը ֆինանսավորելու են Թուրքիայի կառավարությունն ու Եվրահանձնաժողովը:

Նախագծի շրջանակներում իրականացվելու են հավելյալ զորավարժություններ, որոնց մասնակցելու են Վան, Աղրը (Արարատ) և Կարս նահանգներում գտնվող զինծառայողները: Բացի այդ, այդ նահանգների ականազերծման համար հատկացվելու է համապատասխան սարքավորում:

Նշվում է, որ նախագծի իրագործման ընդհանուր գումարից 39.450.000 եվրոն հատկացնելու է ԵՄ-ը, իսկ մնացյալ 13 միլիոն եվրոն՝ Թուրքիայի կառավարությունը:

Հիշեցնենք, որ «Առանց ականների Թուրքիա նախաձեռնություն» կազմակերպության 2009 թվականին պատրաստած զեկույցի համաձայն, Թուրքիայի ողջ տարածքում թաղված է մոտ 1 միլիոն ական:

Թուրք-սիրիական 877 (այլ տվյալներով՝ 910) կիլոմետրանոց սահմանի 510 կիլոմետրանոց հատվածում տեղադրված է 615.149 ական: Թուրք-իրաքյան 331 կիլոմետրանոց սահմանի 42 կիլոմետրանոց սահմանին դրանց թվաքանակը կազմում է 75.115, իսկ թուրք-իրանական 454 կիլոմետրանոց սահմանի 109 կիլոմետրանոց հատվածում` 191.428 ական: Իսկ ահա հայ-թուրքական սահմանի ավելի քան 300 կիլոմետրանոց (տարբեր տվյալներով` 316-328) սահմանի 17 կիլոմետրանոց հատվածում «Սառը պատերազմի» տարիներին տեղադրվել է 21.984 ական:

Պետք է նշել, որ Թուրքիան, Օտտավայի կոնվենցիայի համաձայն, դրանցից պետք է ձերբազատվի մինչ 2014 թվականը (պայմանագրին միանալուն հաջորդած տասնամյակի ընթացքում, ինչը, սակայն, կարող է երկարաձգվել): Սակայն Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) միային որոշակի քայլեր է ձեռնարկել թուրք-սիրիական սահմանի ականազերծմամբ:

1996 թվականի Թուրքիայի խորհրդարանի ստեղծած հատուկ հանձնաժողովի անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ամենականապատ նահանգներն են հարավ-արևելյան Շանլըուրֆան, Գազիանթեփը (սիրիական սահման), ինչպես նաև Արդահանը, որոնց ընդհանուր առմամբ բաժին է ընկնում 587.000 ական: 1991-1994 թվականններին հարավ-արևելյան Հաքքարի (իրաքյան սահման) և Շըրնաք (սիրիական/իրաքյան սահման) նահանգներում տեղադրվել է 152.000 ական: Սահմանամերձ նահանգ չհանդիսացող Թունջելիին (Դերսիմ) բաժին էր ընկել 10.557 ական:

Բացի այդ, նշվել էր, որ ականապատված է Արդահանի նահանգի` Հայաստանին սահմանակից 9.5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ահա Կարսի նահանգ-Հայաստան սահմանին են գտնվում 13 ականապատ դաշտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս