«Առաքելությունը» կոչ է անում քվեաթերթիկի վրա գրել՝ «բոլորին դեմ եմ»

«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը ՀՀ ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին, բայց քվեաթերթիկը դարձնել անվավեր՝ վրան գրելով «Բոլորին դեմ եմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախաձեռնության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

Վերջինս՝ քվեարթերթիկն անվավեր ճանաչելու մասին իրենց կոչին հորդորեց միանալ նաև ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրած և  առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չսատարող քաղաքական ուժերին, իսկ ԱԺ խմբակցություններին կոչ արեց Ընտրական օրենսգրքում վերականգնել «Բոլորին դեմ եմ» քվեարկելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն վերականգնել քաղաքացու ընտրության լիարժեքությունը, այլև, նրա խոսքով, կբացահայտի տարբեր մակարդակի ընտրություններում թեկնածուների նկատմամբ ընտրողների իրական  վերաբերմունքը:

Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, թե խորհրդարանի կողմից ողջամիտ ժամկետներում վերոգրյալ փոփոխությունները չկատարելու դեպքում իրենք դիմելու են Սահմանադրական դատարան՝ ԸՕ-ում նշված իրավունքը սահմանափակ հոդվածները հակասահմանադրական  ճանաչելու պահանջով:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ հասարակությունը գիտակցում է, որ կարող է ընտրություններին քվեարթերթիկի վրա գրել «բոլորին դեմ եմ», նախաձեռնության ղեկավարը պատասխանեց. «Ոչ, չի գիտակցում, դրա համար կարիք կա նման կոչով հանդես գալ: Մենք հանրահավաք չենք անելու, մեր գործընկերը լինելու է ՀՀ քաղաքացին: Մեր առաքելությունն է  պահանջատեր հասարակություն ձևավորել և ՀՀ քաղաքացու անձնագիրը դարձնել ծանրակշիռ փաստաթուղթ»:

Տեսանյութեր

Լրահոս