Դեդ Հասանի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ առանց կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների մասնակցության
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել հունվարի 16-ին սպանված, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ նրան հրաժեշտ են տվել կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները:
Նախնական տվյալներով՝ հոգեհանգստից հետո 75-ամյա կրիմինալ հեղինակության դիակն ինքնաթիռով բերվելու է Վրաստան, ուր և նա հուղարկավորվելու է: Սակայն Վրաստանի ԱԳՆ-ը և ՆԳՆ-ը հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն Վրաստանում Ասլան Ուսոյանի հնարավոր հուղարկավորության մասին:
Ավելի վաղ նշվում էր, թե այդպիսի խնդրանքով Վրաստանի իշխանություններին դիմել են սպանվածի հարազատները: Վրացի հայտնի փաստաբան և իրավապաշտպան Գելա Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ հարազատների ցանկության դեպքում հնարավոր է Ուսոյանի հուղարկավորությունը Վրաստանում, քանի որ նա ծնվել և որոշակի ժամանակով բնակվել է այստեղ.
«Սակայն Վրաստանում գործում է «օրենքով գողերի» և գողական ավանդույթների հակվածության մասին օրենք, որով այդ կատեգորիայի մարդկանց կարող են ձերբակալել և դատապարտել տևական ժամկետով ազատազրկման անգամ այն դեպքում, երբ նա որևէ հանցանք չի գործել: Դրա հետ կապված՝ եթե Ռուսաստանից կրիմինալ հեղինակությունները ժամանեն Ռուսաստան, ապա նրանք կձերբակալվեն»
Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում:
Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան դատապարտելու համար: