«Այդ զոհերն ինչի՞ համար էին, եթե չկա շարունակություն». Րաֆֆի Հովհաննիսյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին
«Շատ լավ կլիներ, որ խորհրդարանում ներկայացված ուժերը մասնակցեին սեփական թեկնածուով կամ զորակցեին մեկ ուրիշին: Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ ապաքաղաքական, հակաքաղաքական դիրքորոշում է, որ ազատ անկախ չափանիշներից դուրս ընտրություններում 8 ամիս առաջ մասնակցում ես, և հետո` 8 ամիս անց, որոշում ես, որ չես մասնակցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով ընդդիմադիր երեք ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և Դաշնակցության` նախագահական ընտրություններին չմասնակցելու դիրքորոշման մասին:
«Ես դեմ եմ այն դրույթին, որ այսօրվա ընտրություններն ավելի նվազ մրցակցային են, քան եթե այդ ուժերը մասնակցեին,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը,- Ամենահեշտ բանը, նաև ինձ համար, կլիներ տանը նստելը և ասելը, որ չարժե: Այն մարդը, այն ուժը, որն ուղղորդում է մեր քաղաքացիներին ֆատալիզմի, չմասնակցության, կարծում եմ, որ իրենք իրենց գործառույթն իրապես չեն իրականացնում: Կարող է այդ ուժերից մեկը կողմնորոշվում է դեպի իշխանական թեկնածու, և միգուցե դա անկեղծ է: Մեկ ուրիշը 5 տարի առաջ տարավ ընդդիմադիր շարժումը, և հետո` 5 տարի անց, որոշեց չմասնակցել և ոչ մեկի չսատարել, այդ զոհերը ինչի՞ համար էին, եթե չկա շարունակություն»,- ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ Դաշնակցության վերաբերյալ «Ժառանգության» ղեկավարը նշեց, որ ՀՅԴ-ն ինքը չի որոշել` սատարելու է որևէ մեկին, թե ոչ, բայց բոլոր դեպքերում ինքը կգնահատի ցանկացած ուժի զորակցությունը և շարքային քաղաքացիների մասնակցությունը: