Բաժիններ՝

«Բա որ Սերժ Սարգսյանը բան ասի, չե՞ք անի». եզդիները՝ Ազիզ Թամոյանի կոչի մասին

Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանի ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ հայտարարելու մասին հրապարակումը հայաստանյան եզդիների շրջանում քննարկումների առիթ է դարձել: Ոմանք ուղղակի հումորով են վերաբերվում այս հայտարարությանը, մյուսները լրջորեն պատրաստվում են սուգ պահել, երրորդներն էլ այս հայտարարությանը քաղաքական «աստառ» են տալիս:
168.am-ը զրուցեց ազգությամբ եզդի մի քանի երիտասարդների հետ՝ պարզելու, արդյո՞ք տեղյակ են իրենց առաջնորդի հրապարակումից, և ինչպե՞ս են վերաբերվում դրան (նշենք, որ նրանցից ոչ ոք չցանկացավ, որ իր անունը հրապարակվի)։
«Քիչ առաջ տեղեկացա, որ մեր «պրեզիդենտ» Ազիզ Թամոյանը 7-օրյա սուգ է հայտարարել` Դեդ Հասանի մահվան կապակցությամբ: Ես ինքս էլ հարգանք ունեմ Ասլան Ուսոյանի նկատմամբ: Սակայն անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով է «պրեզիդենտ» Թամոյանը սուգ հայտարարել: Հայտարարության մեջ հղում է արվում կրոնական սահմանադրության, որի մասին չեմ լսել (շատ հնարավոր է, որ ես չգիտեմ): Եվ գիտե՞ք ինչ, «պրեզիդենտ» Թամոյանը սուգ է հայտարարել, ոչ ավել, ոչ պակաս, 3 000 000 եզդիների շրջանում: Այ քեզ բան, հիմա ի՞նչ ա լինելու Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում ապրող եզդիների վիճակը: Ինչպե՞ս են նրանք տեղեկանալու «պրեզիդենտ» Թամոյանի հրամանագրին: Կարծում եմ՝ մի հրամանագիր էլ «պրեզիդենտ» Թամոյանը պետք է արձակի այն եզդիների վերաբերյալ, ովքեր չեն ենթարկվել իր հրամանագրին»,- մեզ հետ զրույցում ասաց ազգությամբ եզդի՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Մեկ այլ երիտասարդ էլ ասաց. «Եզդի ազգը գնահատում է Դեդ Հասանի ազգանվիրությունը: Նա շատ է օգնել եզդի ժողովրդին: Մենք գնահատում ենք նրա օգնությունը: Ես սուգ պահելու եմ, բայց 7 օրը մի քիչ շատ է: Աշխարհում խոշոր վթարներ են տեղի ունենում, աղետներ, իսկ այդ աղետներից տուժածների հիշատակին առավելագույնը 3 օր են սուգ հայտարարում: Ազիզ Թամոյանը մի քիչ շատ ա տվել սուգի օրերը»։
Իսկ հետևելո՞ւ են արդյոք Ազիզ Թամոյանի կոչին. այս հարցին մեր մյուս եզդի զրուցակիցը պատասխանեց. «Իհա՛րկե հետևելու են: Բա որ Սերժ Սարգսյանը բան ասի, չե՞ք անի: Իսկ Ազիզ Թամոյանը մեր «պրեզիդենտն» ա : Ով չհետևի, մտրակի 50 հարված է ստանալու….»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս