Սաակաշվիլին ուշացել է 8 տարով. Վրաստանի ՊՆ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զինծառայողների թոշակը կրկնապատկելու վերաբերյալ իր նախաձեռնությամբ ուշացել է 8 տարով: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Վակո Ավալիանին՝ մեկնաբանելով երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սաակաշվիլիի համապատասխան հայտարարությունը.
«Վրաստանի կառավարությունը դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 13-ին որոշում է ընդունել կառավարական հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը մշակելու է վետերանների սոցիալական պայմանների բարելավման օրինագիծը: Խոսքը գնում է ոչ միայն թոշակների ավելացման, այլև՝ ընդհանրապես սոցիալական փաթեթի, այդ թվում նաև ապահովագրության մասին:
Այնպես որ նախագահը կրկնել է կառավարության հրամանի միայն ոչ մեծ հատվածը: Սաակաշվիլին թոշակների ավելացման մասին իր հայտարարությամբ ուշացել է 8 տարով, քանի որ այդ բոլոր տարիներին փաստացիորեն ոչինչ չի արել վետերանների համար:
Նախագահն այսօր հայտարարում է, որ երկրում առկա է ճգնաժամ և միևնույն ժամանակ հայտարարում է, որ կառավարությունն այսօր հնարավորություն ունի մեծացնելու թոշակը: Այո՛, Վրաստանի կառավարությունն իսկապես պատրաստվում է ավելացնել թոշակը և բարելավել սոցիալական ողջ փաթեթը»: