
Լեհաստանում երիտասարդ խոհարարը կանգնեցրել է ղեկավարումը կորցրած ուղևորատար ավտոբուսը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի Կալիշ քաղաքում քաղաքային ավտոբուսի հերթական սովորական երթը կարող էր ավարտվել ողբերգությամբ: Երթի ժամանակ ավտոբուսի վարորդը հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ձեռքից բաց է թողել մեքենայի ղեկը:
Ղեկավարումը կորցրած և ուղևորներով լեցուն այդ ավտոբուսը սկսել է առանց ղեկավարման ընթանալ քաղաքի փողոցներում՝ սպառնալով իր ճանապարհին սրբել ամեն ինչ: Սակայն ուղևորներից մեկը, ակնթարթորեն գիտակցելով, թե ինչպիսի վտանգ է սպառնում բոլորին, կարողացել է տեղ զբաղեցնել ավտոբուսի ղեկին և աստիճանաբար արգելակել այն:
Ուղևորներից ոչ ոք չի տուժել: Տուժածներ չկան նաև հետիոտնների ու այլ մեքենաների վարորդների շրջանում: Շտապօգնության մեքենան ավտոբուսի վարորդին փոխադրել է հիվանդանոց: Ավելի ուշ պարզվել է, որ նա սրտի կաթված է ստացել, իսկ ուղևորներին փրկել է տվյալ քաղաքի բնակիչ, 32-ամյա խոհարարը, ով ժամանակավորապես գործազուրկ է:
Գնահատելով նրա ընդունակությունները՝ ավտոբուսային պարկի վարչակազմը նրան առաջարկել է իրենց մոտ աշխատել որպես ավտոբուսի վարորդ, ինչը երախտագիտությամբ ընդունվել է խոհարարի կողմից: Սակայն քանի որ նա չունի ավտոբուս վարելու համար վարորդական վկայական, նրա համար անմիջապես կազմակերպվել են համապատասխան դասընթացներ: