
Սաակաշվիլին ահազանգել է թուրք-վրացական հարաբերություններում լարվածության մասին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության առկայության մասին: Նախագահական նստավայրում երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սաակաշվիլին ցավով նկատել է, որ Թուրքիայի հետ լրջորեն բարդացել են իրենց հարաբերությունները.
«Դուք գիտեք, որ դժբախտաբար այժմ մենք բարդ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Դա տեսանելի է շատ բաներում, թուրքական բազմաթիվ ներդրումներ կասեցված են (Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է – 168.am): ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու հարցում Թուրքիան մեր գլխավոր համակիրն է:
Թուրքիայի հետ հարաբերությունների բարդեցմամբ մենք կորցնում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր պատմական հնարավորությունը: Բացի այդ, Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է, ինչի համար էլ անթույլատրելի է առանց մեր բոլոր հարևանների հետ խորհրդակցության, հապճեպ քայլեր կատարելը: Հուսով եմ, որ դա անմտածված հայտարարություն էր, և եթե դա այդպես չէ, ապա մենք գործ ունենք ծանր երևույթի հետ»:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին՝ Ադրբեջան այցելելուց առաջ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կասկածի տակ էր առել իր երկրի համար «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգծելով, որ այն կվնասի վրացական հին երկաթուղուն և Վրաստանի սևծովյան նավահանգիստներին: