Իսրայելը կարող է ներողություն խնդրել Թուրքիայից
Իսրայելական Zman լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնն առաջարկել է նամակ է ուղարկել Թուրքիային, ինչպես որ ԱՄՆ-ն է ուղարկել Պակիստանին, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերի սխալ ռմբակոծության հետևանքով զոհվել էր 24 պակիստանցի զինվորական:
Այալոնի կարծիքով՝ դա լավ դեղատոմս կհանդիսանա Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների «բուժման» համար, որոնք վատթարացել են 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո, երբ Իսրայելի հատուկջոկատայիններն այդ նավում սպանել էին Թուրքիայի 9 քաղաքացիների.
«Ամերիկյան բանաձևը կարող է լավ հիմք հանդիսանալ տվյալ ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար: Ներողության տեքստը պետք է ձևակերպվի հասկանալի կերպ, որպեսզի դա հասկանա յուրաքանչյուր ընթերցող: Վերջին շրջանում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում երկու երկրների միջև հարաբերություններում, սակայն դիվանագիտական շփումները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա և դրանց փոխարեն գործածվում են ոչ պաշտոնական խողովակներ»:
Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար այդ երկրին ներկայացրել է երեք նախապայման. ներողության խնդրում, փոխհատուցման վճարում և Գազայի հատվածի շրջափակման վերացում:
Ի դեպ, այդ միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իսրայելին մեղադրել էր «ծովահենության» մեջ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից: