Նիկոլ Փաշինյան. Մեզանից յուրաքանչյուրն այսօրվա իրավիճակի համար մեղքի իր բաժինն ունի. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մաղթել էր իր թիմակիցներին, որ խոսքից անցնեն գործի: Aravot.am-ի հարցին` Ձեր քաղաքացիական փաստաթուղթը արդյոք կարելի՞ է դիտարկել` այդ շրջանակներում, որ Դուք հետևում եք այդ հորդորին` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի ուզում քաղաքացիական փաստաթղթի փակագծերը բացել. «Այն կհրապարակվի, և բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում: Ես հանրությանը տեղյակ եմ պահել, որ այդպիսի փաստաթուղթ եմ պատրաստվում ներկայացնել»:
Մեր հարցին` դրանից կարելի՞ է եզրակացնել, որ Դուք, ինչպես նշել եք` պատասխանատվություն զգալով հրապարակում Ձեր խոստումների համար, ուզում եք առաջնորդել ընդդիմադիր զանգվածին` նա պատասխանեց. «Ես ցանկանում եմ հավատարիմ մնալ այն խոստմանը, որ առավելագույն ջանքեր եմ գործադրելու` Հայաստանում իրական փոփոխությունների հասնելու համար: Եվ հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքացիները նույնպես ջանք կգործադրեն, և մենք մեր ջանքերը համադրելով, մեկտեղելով` կհասնենք քաղաքական արդյունքների և այո’, իշխանափոխության: Ավելի ճիշտ, նույնիսկ իշխանափոխության մասին խոսք չի կարող գնալ, որովհետև իշխանափոխության համար պետք է լինի իշխանություն: Հայաստանում քանի որ իշխանություն չկա, այլ կա բռնազավթած վարչախումբ, խնդիրը Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու մասին է»:
Մենք հետաքրքրվեցինք` դուք կիսո՞ւմ եք Պետրոս Մակեյանի և Սոս Գիմիշյանի քննադատությունները, որ ՀԱԿ-ում ստեղծված ճգնաժամի համար մեղավոր են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ կապակցությամբ չի ցանկանում մեկնաբանություն տալ. «Մենք ունենք իրավիճակ , և այդ իրավիճակում մեզանից յուրաքանչյուրն ունի մեղավորության իր բաժինը: Ես չեմ ցանկանա, որ մեղավորության իմ բաժինը տեղափոխեմ կամ գցեմ ուրիշի վրա: Ես կարծում եմ` մեզանից յուրաքանչյուրն այսօրվա իրավիճակի համար մեղքի իր բաժինն ունի: Գուցե թե նաև այդ գիտակցումն ու պատասխանատվությունն է, որ մեզ մղում է հետագա գործողության»:
Մենք ճշտեցինք` բայց ընդունո՞ւմ եք, որ ՀԱԿ-ում ճգնաժամ կա` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ այնքան ՀԱԿ-ն է, այլ Հայաստանի Հանրապետությունում այսօր ճգնաժամ կա: Եվ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև` ՀԱԿ-ի անդամները և այդ թվում նրանք, ովքեր Կոնգրեսի անդամ չեն, մենք բոլորս կանգնած ենք ճգնաժամի առաջ: Եվ այդ ճգնաժամը պետք է լուծվի»»: