Միքայել Մինասյանը մեր նախընտրական շտաբի առանցքային դեմքերից մեկն է. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախընտրական քարոզարշավից առաջ սա վերջին գործադիր մարմնի նիստն էր: «Նիստին ներկա են եղել ոչ միայն գործադիր մարմնի անդամներ, այլև շտաբի անդամների մեծամասնությունը: Քննարկել ենք մի շարք հարցեր, և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կարևորել ենք ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ լինելը: Մեզ համար առաջնային խնդիր է այս ընտրությունների ժողովրդավարական բնույթը, և ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ մենք այս ընտրությունների քարոզարշավը պետք է իրականացնենք հանուն գաղափարախոսության: Ինչպես միշտ, Հանրապետականը երբեք ընդդեմ գաղափարախոսության չի առաջադրվել»,- նշել է ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը հավելել է նաեւ, որ արդեն իսկ հայտնի է քարոզարշավի երթուղին. «Քարոզարշավը կմեկնարկի Երևանից, երեկոյան հանդիպում կլինի Ավան համայնքի բնակիչների հետ, այնուհետև մենք կուղևորվենք Սյունյաց աշխարհ: Քարոզարշավի կիզակետում կլինի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Բացի քարոզարշավի այդ մեխից, ինչպես և պառլամենտական ընտրություններում, կլինեն նաև քարոզչական խմբեր, որոնք առանց բացառության կլինեն ՀՀ բոլոր փոքր և միջին համայնքներում: Մենք արդեն ունենք քարոզչական խմբեր, յուրաքանչյուր մարզ ունի քարոզչության պատասխանատուն, և այդ քարոզչական խմբերը կլինեն, ես կարծում եմ, ոչ միայն մեկ անգամ բոլոր համայնքներում»,:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչու՞ ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լքեց կուսակցության գրասենյակը և մինչև վերջ չմնաց գործադիր մարմնի նիստին, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մնացել է նիստին այնքան ժամանակ, քանի դեռ ինքը հանդիպում չի ունեցել դիտորդների հետ, և թույլտվություն է վերցրել կուսակցության նախագահից, և հարգելի պատճառներով պարոն Աբրահամյանը պարոն Հարությունյանի հետ գնացել է հանդիպման դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ և շարունակելու է իրականացնել իր շտաբի պետի գործառույթները: Ամեն ինչ մեզ մոտ համախմբված, նորմալ է, և պետք չէ այստեղ ինչ-որ բան փնտրել»:
ՀՀԿ խոսնակը ծիծաղելի և զավեշտալի է համարել մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ականներին: «Դրանք զավեշտալի և նույնիսկ անհեթեթ են, և մեկնաբանելու ոչինչ չկա: Միքայել Մինասյանը մեր նախընտրական շտաբի առանցքային դեմքերից մեկն է, իսկ այդ լուրերը զավեշտալի են»,- ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: