2018 թվականի մոդելի մեջ Քոչարյանը տեղ չունի
«Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն արդյունավետ է, թե՛ իր, թե՛ Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին և այն գնահատականներին, որ այդպիսով նա 2018 թվականին իշխանության վերադառնալու հայտ է ներկայացրել:
«Կարծում եմ, որ այն մեթոդները, որոնք ինքն օգտագործել է, իրեն չեն բերել այն վստահությունն առաջադեմ հասարակության կողմից, որոնք կարող են իրեն հաջողակ դարձնել: Նա պետք է մասնակցի հաջորդ ընտրություններին՝ հաջողակ լինելու դեպքում միայն: Նկատեք, որ Քոչարյանի կենսագրությունը խոսում է այն մասին, որ նա միշտ հաջողակ է եղել իր կարիերայի ընթացքում:
Եվ այդքան հաջողություններից հետո անհաջողություն ունենալը հենց իր համար բացասական ազդեցություն կունենա: Համոզված եմ, որ նա հաշվարկների մեջ, իհարկե, կարող է մեկ-մեկ սխալվել, բայց մինչև 2018 թվականը մենք կունենանք ավելի հասուն քաղաքացիական հասարակություն, ավելի իրական ընտրություններ: Իսկ այդ մոդելի մեջ նա տեղ չունի»,- նշեց տիկին Ալավերդյանը:
Այս ընտրություններին չմասնակցելու` Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հիմնավորումների մասին էլ տիկին Ալավերդյանն ասաց. «Այս հռետորությունը մերժելի եմ համարում այնպիսի լուրջ քաղաքական երևույթների համար, ինչպիսին են նախագահական ընտրությունները: Ցավոք, արտահայտված հռետորությունը մնում է ոչ քաղաքական լեքսիկոնի մեջ: Այս պատճառներից և որևէ մեկում չի հստակեցվում հասարակական շահի, պետության զարգացման հանդեպ վերաբերմունքը: Կարծում եմ՝ պետք է լուսանցքում մնան այն անձինք, ովքեր իրենց որոշումների կայացման գործում հաշվի չեն առնում այս երկու գործոնները»: