Սիրիահայերը` Կովսականում
artsakh.tv-ն ռեպորտաժ է պատրաստել Քաշաթաղի շրջանի Կովսական`նախկին Զանգելան քաղաքում սիրիահայ վերաբնակների մասին: Հետաքրքիր է, որ առաջին սիրիահայ ընտանիքն այստեղ է տեղափոխվել մինչև պատերազմը`Արցախը վերաբնակեցնելու գիտակցումով: Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը պատմում է, որ անցած տարի քաղաքում վերաբնակվել է 16 սիրիահայ ընտանիք, իսկ ընդհանրապես սիրահայերի թիվն արդեն անցնում է 200-ից: Ըստ քաղաքապետի՝ ԼՂՀ կառավարությունը սիրիահայերին տրամադրում է վարկեր, ինչպես նաև օգնում է կահույքով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: Սիրիահայերի մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, չնայած կան բժիշկ ամուսիններ, ովքեր արդեն աշխատանքի են ընդունվել:
Որքան էլ տարօրինակ հնչի, սիրիահայերն ինտեգրմանը խանգարող առաջին գործոն համարում են լեզվականը` նրանց մեծ մասը Ղամիշլի քաղաքից է և խոսում է արաբերեն: Չորս երեխաների մայր Անդերա Մադոյանը լրագրողի հետ շփվում է այլ սիրիահայի օգնությամբ, ով թարգմանում է նրան: Իրար մեջ արաբերենով շփվելը հարուցում է տեղաբնակների դժգոհությունը, ովքեր չեն հասկանում, թե ինչու հայերը պետք է իրար հետ շփվեն արաբերենով կամ քրդերենով: Չնայած քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանն ասում է` իրենք գիտակցում են, որ ժամանակ է պետք, և սիրիահայերի երեխաները սկսել են հայերեն սովորել, ու լեզվական խոչընդոտի հաղթահարումը սկսվելու է երեխաներից: Սիրիահայերի համար Թուֆենկյան հիմնադրամի և ԼՂՀ կառավարության միջոցներով կառուցվում և վերանորոգվում են շենքեր և առանձնատներ: Սիրիահայերը համոզված են, որ եթե իրենց վերաբնակման փորձը հաջողությամբ պսակվի, ապա այս տարի վերաբնակների թիվն անհամեմատ կմեծանա:
Ինչպես հայտնի է, ադրբեջանական իշխանություններն այս վերաբնակեցումը համարում են ապօրինի, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ մշտապես բարձրացնում են այդ հարցը:
Տեսանյութը՝ այստեղ.