Բաժիններ՝

Խնդրում են պաշտպանել Շալիկո Մանուչարյանի խախտված իրավունքները

Խնդրանքը բոլոր լրատվամիջոցներին` լուսաբանելու, հետամուտ լինելու, իրավապաշտպաններին և միջազգային կաոույցներին` աջակցելու մեր որդի Շալիկո Մանուչարյանի խախտված իրավունքների պաշտպանության գործում թույլ չտալով, որպեսզի անմեղ մարդը դատապարտվի իր չկատարած արարքի համար, միայն այն բանի համար, որ այդպես է ցանկանում դատախազը, որպեսզի ոստիկանների վրա չբացահայտված գործ հանկարծ չմնա:

2010 թվականի նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի վրա, ցերեկվա ժամերին, ինչ-որ անձ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արսեն Փերիխանյանի վրա և դիմել փախուստի: Այդ դեպքի մասին մենք իմացել ենք նույն օրը, երբ ոստիկանները լցվել էին մեր տուն և տղայիս` Շալիկո Սերգեյի Մանուչարյանին էին հարցնում: Մեր որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի:

2012 թվականի մայիսի 30-ին ոստիկանները ներխուժել են մեր տուն և մեր որդուն տարել են Վանաձորի ոստիկանություն, մեզ ասելով, որ նրա նկատմամբ դատարանի սանկցիա կա: Ներկայումս մեր տղան անհիմն կալանավորված է և ապօրինաբար արդեն 7,5 ամիս գտնվում է կալանավայրում: Նրան մեղադրում են իր չկատարած արարքի մեջ: Այն, որ իմ որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի, գիտեն բոլորը, այդ թվում` Լոռու և Շիրակի մարզի դատախազները և քննիչներն ու ոստիկանները: Ի դեպ, պետք է նշեմ, որ տղայիս սկզբից պահում էին Վանաձորի քննչական մեկուսարանում, այնուհետև տեղափոխեցին Արթիկի բերդ, մոտ 4 ամիս անց նորից տեղափոխում են Վանաձորի մեկուսարան: Չեն կարողանում հաստատել որդուս գլխին «սարքած» «մեղադրանքը», դրա համար կարծես թե Շիրակի և Լոռու մարզերի դատախազները և քննիչները մտել են մրցավազքի մեջ. իրար, այսպես ասած, գործը «պաս» են տալիս, չեն կարողանում կոնկրետացնել, թե դատախազներից որ մեկը պետք է հաստատի անմեղ մարդու վրա «բարդած» մեղքը:

Վանաձոր քաղաքում տարբեր մարդկանցից լսել ենք, որ իրավապահները, հստակ ցուցում ունենալով Շալիկո Մանուչարյանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Լոռու մարզի դատախազից, իրենցից կախման մեջ գտնվող մարդկանց կանչել և հարցաքննել են` իբրև ականատես վկաներ: Այդ մարդկանցից, օրինակ, ոմն Սուրենին, ճանաչում է գրեթե ամբողջ Վանաձոր քաղաքը, ճանաչում է` որպես նախկին ՕԲԽՍՍ-ի հաստիքային գործակալի, ապա նաև` ոստիկանների գործակալի, ով մշտական ընթերակայի կարգավիճակ ունի, և բազում մարդիկ նրա «վկայություններով» դատապարտվել են: Իսկ մեկ այլ, այսպես ասած, վկան հանրաճանաչ ալկոհոլիկ և մուրացկան է: Հիշեցնեմ, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի կենտրոնական մարդաշատ փողոցի վրա, ամենաաշխույժ սրճարանի մոտ, օրվա ցերեկային ժամանակ, և ինչպե՞ս է ստացվել, որ բացի այդ «վկաներից», որևէ այլ` ոստիկաններից կախման մեջ չգտնվող անձ, չի տեսել, որ մեր տղան է «հանցագործը»:

Դիմելով Ձեզ` մենք խնդրում ենք, որպեսզի Դուք մեր տղայի վերաբերյալ քննվող քրեական գործը Ձեր ուշադրության կենտրոնում պահեք, զգալով Ձեր հետաքրքրությունը գործի նկատմամբ, իրավապահները հնարավոր է` հետ կանգնեն մեր տղայի նկատմամբ հարուցած անհիմն մեղադրանքից և ապօրինություններից, ուստի խնդրում ենք Ձեզ` հարգել ծնողական խնդրանքը: Մեղադրյալ Շալիկո Մանուչարյանը որևէ այլ ելք չի տեսնում և պատրաստվում է իր նկատմամբ իրականացվող ակնհայտ ապօրինի հետապնդման դեմ, որպես բողոքի արտահայտման միջոց, հայտարարել հացադուլ:
Հայցում ենք Ձեր աջակցությունը:
Դիմումատու, հուսալքված ծնողներ`
ՍԵՐԳԵՅ ՇԱԼԻԿՈՅԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ՌՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս