Արման Մելիքյանի վստահված անձինք ընտրատեղամասերում ձեռնամարտի բռնվելու կարիքը չեն ունենալու

ԴՐՈՒՅԹ ԱՌԱՋԻՆ
Մինչ այժմ ընտրությունների ելքը որոշվում էր հենց քվեարկության օրը: Իշխանության խնդիրն էր լինում ընդդիմությանը համոզել մասնակցել քվեարկությանը
Մենք ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու նախապայման ունենք, որը պետք է իշխանությունների կողմից բավարարվի` իշխանությունները պետք է տեղեկացնեն հանրությանը, թե.
• Հայաստանում որքան ընտրող է մնացել բազմամյա ահագնացող արտագաղթի արդյունքում,
• ՀՀ անկախացումից ի վեր այլ պետություններում մշտապես բնակվող մեր հայրենակիցներից քանիսն են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն,

• քանիսն են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
Այս տվյալների հրապարակումը կարող է կանխել ներկայումս ՀՀ սահմաններից դուրս բնակվող, ուստի և, քվեարկելու իրական հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների ձայները հօգուտ իշխանական թեկնածուի օգտագործումը:
Մենք պնդում ենք, որ թեև, ըստ պաշտոնական տվյալների ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է մոտ 2,5 միլիոն մարդ, շուրջ մեկ միլիոն ընտրող քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս, իսկ Հայաստանում գտվողների առնվազն 15-20 տոկոսն էլ տարբեր պատճառներով չի մասնակցելու ընտրություններին: Սա նշանակում է, որ.

• եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ընտրությունների մասնակիցների քանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները գերազանցեն 1,3 միլիոնը, ապա ընտրությունները կարելի է կեղծված և չկայացած համարել:
Սա ընտրությունների իրավաչափությունն ապահովելու և հաստատելու քաղաքական ուղին է: Մենք այս ուղին ենք ընտրել, որովհետև, մեր համոզմամբ, Հայաստանը.
• իրավական պետություն չէ` իրավական նորմերի կիրառումն ու դատական համակարգի գործունեությունը սպասարկում են իշխանական բարձրագույն պաշտոններում գտնվող անհատների անձնական շահերը և սովորաբար հակասում են հանրային շահերին:
Այդ իսկ պատճառով մենք ոչ մի հարցով չենք դիմելու ՀՀ դատական ատյաններին:

ԴՐՈՒՅԹ ԵՐԿՐՈՐԴ
Ընդդիմությունը մշտապես խնդիր է դրել ապացուցելու, որ հենց իր թեկնածուն է հաղթել ընտրություններում, բայց իշխանության կողմից իրականացված համատարած կեղծիքների և բռնաճնշումների միջոցով հաջողվել է խեղաթյուրել ընտրությունների արդյունքները և սեփական պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ:
Մեր մարտավարության նպատակը ոչ թե.
• սեփական թեկնածուի հաղթանակի ամեն գնով հաստատումն է,
այլ.
• ընտրությունների իրավաչափության ապահովումն` անկախ նրանից, թե քվեարկության արդյունքում ով կճանաչվի հաղթող:

Կարդացեք նաև

ԴՐՈՒՅԹ ԵՐՐՈՐԴ
Մինչև հիմա ընդդիմության մարտավարությունը կայանում էր նրանում, որ մարդկանց ասվում էր.

«Ձեր ձայները տվեք մեզ, իսկ մենք դրանց տեր կկանգնենք ընտրատեղամասերում, քանի որ ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, որոնք թույլ չեն տա, որ իշխանությունը յուրացնի կամ անտեսի մեր օգտին տված Ձեր քվեն»:

Արդյունքում.
• քվեարկության օրը ընտրատեղամասերում իսկական պատերազմ էր սկսվում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև:

Որպես հետևանք.
• ընդդիմադիրները մշտապես ծեծվել են և ունակ չեն եղել ընտրողների ձայներին «տեր կանգնելու» մասին իրենց կողմից տված խոստումը կատարել:
Մենք մերժում ենք այդ մոտեցումը ու հայտնում ենք, որ.
• մեր վստահված անձինք ընտրատեղամասերում ձեռնամարտի բռնվելու կարիքը չեն ունենալու:

Ավելին.
• հրահանգված է լինելու, որ Արման Մելիքյանի վստահված անձինք որևէ բանավեճի մեջ չմտնեն ընտրահանձնաժողովների անդամների, իրավապահ մարմինների կամ ընտրախախտումներ իրականացնող անձանց ու խմբերի հետ:

Դրա փոխարեն.
• ընտրակեղծարարության փաստ արձանագրելու դեպքում նրանք պարզապես պետք է լքեն ընտրատեղամասը և այդ մասին հայտնեն Արման Մելիքյանի նախընտրական շտաբին, որը և կատարվածի մասին կիրազեկի և հանրությանը, և իշխանություններին` միաժամանակ.
• առոչինչ հայտարարելով տվյալ տեղամասում անցկացված ընտրությունների ցանկացած արդյունք:

ԴՐՈՒՅԹ ՉՈՐՐՈՐԴ
Մինչ այժմ ընդդիմությունը չէր ճանաչում իր կողմից առաջադրված թեկնածուի` իշխանության կողմից ընտրակեղծարարության արդյունքում գրանցված պարտությունը, իշխանությունն էլ ասում էր, որ ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքների մերժումը մեր քաղաքական մշակույթի տխուր առանձնահատկությունն է և լալահառաչ երազում էր այն օրվա մասին, երբ ընդդիմության “պարտված” թեկնածուն հրապարակավ կճանաչի իր պարտությունն ու կշնորհավորի հերթական անգամ “հաղթած” իշխանավոր կառավարիչին:
Մենք նոր իրավիճակ կձևավորենք նաև այստեղ: Արման Մելիքյանի վստահված անձինք կլինեն ոչ թե նրան սատարող քաղաքական համախոհները` այլ հակառակորդ թիմերի ներկայացուցիչները:
Վստահված անձանց մանդատները տրվելու են.
• ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության,
• “Օրինաց Երկիր” կուսակցության,
երբևէ ղեկավար պաշտոններում չաշխատած բազմաթիվ ազնիվ ու սկզբունքային շարքային անդամներին, որոնց մասնակցությունը գործընթացին թույլ չի տա իշխանությանն ասել, թե իր դեմ են ելել քաղաքական հակառակորդները` ստի և կեղծիքի դեմ կելնեն իրենց իսկ կուսակիցները: Սա եզակի հնարավորություն կընձեռի շարքային կուսակցականներին ու համակիրներին իրենց ճշմարիտ գնահատականը տալ կուսակցական ղեկավարության պահվածքին և գործելակերպին:
Այսպիսով.
• ընտրությունները խթան կդառնան ներկուսակցական կյանքի սկզբունքային բարենորոգման համար:

Մենք ընտրությունների իրավաչափությունը որոշելու հարցում համագործակցելու հրավեր ենք հղում նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իրենց ազնվությամբ ու բարձր վարկով հայտնի գիտության, արվեստի, մշակույթի գործիչներին, հանրային սեկտորի ակտիվիստերին, երկրապահ կամավորականներին: Հենց այդ մարդկանց ենք վստահելու ընտրությունների անցկացման իրավաչափության գնահատումը և դրանց օրինական կամ անօրինական որակելը:

ԴՐՈՒՅԹ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Հայաստանում անցկացվող համապետական ընտրություններում կեղծարարության ամենաաղաղակող դրսևորումներից մեկն էլ եղել է .
• զինծառայողների` իրենց հրամանատարների հրամանով պետության գործող ղեկավարի օգտին քվեարկելու պարտադրանքը:
Այդօրինակ պարտադրանքը սպառնալիք է.
• Հայաստանի ազգային անվտանգությանը,
• կազմալուծում ու բարոյազրկում է ՀՀ զինված ուժերը:
Նման պարտադրանքի վերաբերյալ ցանկացած հավաստի տեղեկություն հիմք կդառնա ԶՈՒ ողջ անձնակազմի մասնակցությունը համարել առոչինչ, իսկ նրանց գլխավոր հրամանատար-թեկնածուի օգտին տված ձայների քանակը նվազեցնել հարյուր հազար քվեյով:

ԴՐՈՒՅԹ ՎԵՑԵՐՈՐԴ
Մինչ այժմ իշխանության լծակներին տիրապետող քաղաքական ուժերը, սովորաբար, չարաշահելով վարչական ռեսուրսը, իրենց շահերին էին ծառայեցնում.
• հանրային շենքերն ու շինությունները,
• իրենց օգտին քարոզչություն վարելու նախընտրելի պայմաններ ստեղծում,
• ընտրակաշառք բաժանում,
• բռնությունների ենթարկում ընդդիմության ներկայացուցիչներին:
Մենք հանրային աջակցությունն ենք ակնկալում այս կարգի չարաշահումների վերաբերյալ մեզ տեղեկատվություն հաղորդելու հարցում: Խախտումների մասին կիրազեկենք հանրությանն ու իշխանություններին, սակայն.
• բողոքներով չենք դիմելու ՀՀ դատական մարմիններին, վերջիններիս կողմից արդարադատություն իրականացնելու անընդունակությունը հաշվի առնելով:

Դրա փոխարեն.
• կսահմանվի խախտումների որոշակի ընդունելի չափաքանակ, որը գերազանցելու դեպքում ընտրությունները կորակվեն անօրինական:
Ընտրությունները չեղյալ և անօրինական կարող են համարվել դեռ մինչև քվեարկության օրը եթե խախտումների քանակն անցնի խելամիտ սահմանները:
Հանրությունն իշխանությանն այլևս ապացուցելու կամ համոզելու ոչինչ չունի`իշխանությունն է, որ պետք է որոշի` սեղմել մեկնած ձեռքը, թե կրկին հակադրվել արդարության ապահովման համընդհանուր պահանջին:

ԴՐՈՒՅԹ ՅՈԹԵՐՈՐԴ
Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր կեղծված ընտրությունները այս կամ այն չափով հավանության են արժանացել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Խառնիճաղանչ կազմ ունեցող միջազգային դիտորդական առաքելությունները չեզոքության պատրանք ստեղծելով փաստորեն աջակցել են ընտրակեղծարարներին ու դրանով նաև վերջիններիս վրա ներազդելու քաղաքական լծակներ տվել արտաքին շահագրգիռ ուժերի ձեռքը:

Այժմ մենք պետք է կարողանանք.
• առանց արտաքին “աջակցության” հաստատենք մեր ընտրությունների անցկացման օրինականության աստիճանը:
Սա կլինի մեր իրական անկախությունն ապահովող կարևորագույն գործոն:
Մեր այս մոտեցումները պետք է դիտարկվեն ոչ թե որպես, սպառնալիք գործող վարչակազմին, այլ որպես ներազգային համերաշխությունն ու փոխվստահությունն ապահովող ծրագիր, որին կարող են իրենց մասնակցությունը բերել ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը, մեր հանրության բոլոր խավերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
Մեր երկրում օրինական իշխանություն ձևավորելը հրամայական պահանջ է և բխում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շահերից:

ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս