
Տհաճ ձևաչափի և առևտրի մասին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից սովորաբար առանձնացնում են «երկու ղարաբաղցիների» մասին դրվագը, ինչի վրա էլ, որպես կանոն, հիմնվում են մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ինչ խոսք, ձևակերպումն անհաջող էր, բայց դրա իմաստը ոչ այնքան «տեղայնական-կլանային», որքան հենց քաղաքական էր:
Երկրորդ և երրորդ նախագահների պայքարը կնշանակեր միևնույն աղբյուրի, միևնույն վարչական և նյութական ռեսուրսի տրոհում: Դա տեսականորեն հնարավոր է, բայց նորմալ, «դասական» վիճակում այդ ռեսուրսը կարող է ծառայել կամ մեկին, կամ մյուսին, այսինքն՝ իշխանության «միասնական» թեկնածուի: Կարծում եմ՝ երկրորդ նախագահը հենց դա էր ուզում ասել:
Համեմատաբար ավելի քիչ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի բերած երկու այլ պատճառաբանությունների մասին. «Չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը»:
«Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»: Եթե վերանանք այն հանգամանքից, թե ով է դա ասում, ինքնին այդ դատողությունները միանգամայն ճիշտ են և ողջունելի: Մասնավորապես, «երեք նախագահների»՝ իսկապես տհաճ ֆորմատը ենթադրում է, որ նրանք իրար հասցեի պիտի փիս-փիս բաներ ասեն, իսկ նրանց ասածները բոլոր դեպքերում նշաձող են դնում մնացած քաղաքացիների համար, անկախ նրանից՝ այդ քաղաքացիները ատում են ներկա և նախկին նախագահներին, թե սիրում:
Բայց պետության համար այդ վնասակար ձևաչափը սկիզբ է առել հենց 98 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ Քոչարյանի պրոպագանդիստները սկսեցին խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի», «ռևանշիզմի» և նման բաների մասին՝ այդ համատեքստում հիշատակելով առաջին նախագահին: Երբ Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերին վերադարձավ քաղաքականություն, հիշյալ ֆորմատն ամբողջացավ:
Ինձ թվում է՝ բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, պիտի որոշակի նրբանկատություն դրսևորեն նախկին նախագահների նկատմամբ (բնականաբար, քննադատելով նրանց սխալները), իսկ վերջիններս էլ պիտի որևէ մեկի և հատկապես իրար հետ չմտնեն քաղաքական, «բլիժնի բոյի» մեջ, որպեսզի հասարակությունը նրանց, փոխաբերական իմաստով, «կապտուկները» չտեսնի: Տեսարաններն, անշուշտ, չեն բարձրացնում քաղաքացիների հարգանքը պետության նկատմամբ:
Ինչ մնում է քաղաքականության մեջ «մանրածախ առևտրին» (որը երբեմն «ռեալպոլիտիկ» են անվանում), ապա դա նույնպես տհաճ երևույթ է: Բայց ես, ճիշտն ասած, երբեմն կգերադասեի, որ այդ առևտուրը լիներ: Օրինակ՝ 2008-ի փետրվարին կամ նույնիսկ ավելի շուտ: Ավելի լավ կլիներ, որ իշխանությունը զբաղվեր քաղաքական առևտրով, բանակցեր, սակարկեր, քան որոշեր «չորով» գնդակահարել մարդկանց»: