ՀՀ-ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ տանկերի, ավտոմատի գործադրմամբ

«Ազատ և արդար ընտրությունները մի շաբաթում չեն անցկացնում, և ազատ ու արդար ընտրությունները դրանք ոչ թե իրադարձություն են, այլ որոշակի քաղաքական գործընթաց են: Ե´վ իշխանությունները վերջին տարիներին, և´ ընդհանրապես էս իշխանությունն իր ծագումնաբանությամբ՝ չի կարող ազատ ընտրությունների օրինականության, ժողովրդականության հետ առնչություն ունենալ: Այսօր շատ են խոսում, որ Սերժ Սարգսյանն իբր լեգիտիմ իշխանություն դառնալու հնարավորություն ունի, Մարտի մեկի մարդասպանները երբեք որևէ պայմանով չեն կարող լինել լեգիտիմ իշխանություն»,- անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հավաստիացումներին, թե փետրվարյան նախագահական ընտրությունները երկրում անցնելու են ազատ և արդար, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ իշխանությունների այն պատճառաբանությունները, թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելը ժամանակավրեպ էր, անհեթեթ է:

«Ժողովրդավարական երկրներում միշտ էլ ընտրությունների նախաշեմ է, որովհետև ընտրությունները տեղի են ունենում պարբերաբար, տեղի են ունենում նախագահի ընտրություններ, խորհրդարանի, քաղաքապետի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, դուք չեք կարող նշել մի ժամանակահատված, որը ընտրությունների նախաշեմ չէ: Այնպես որ՝ իշխանության այդ պատճառաբանությունը համարում եմ անհեթեթ»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Կփորձե՞ն արդյոք իշխանությունները «նրբորեն» կեղծել ընտրությունները, հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է: «Ի՞նչ նրբորենի մասին է խոսքը, արդեն իսկ շատ կոպտորեն ՀՀ-ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, շատ կոպտորեն՝ տանկերի գործադրմամբ, ավտոմատի, հրազենի գործադրմամբ, և այսօր ընդամենն արձանագրվում է, որ ժողովուրդը, ընդդիմությունը չի կարողացել պատասխանատվության ենթարկել պետական հեղաշրջման մասնակիցներին: Այսինքն` ընտրության մասին խոսելն ավելորդ է, ընդամենն արձանագրում ենք, որ մեզ դեռևս չի հաջողվել պատասխանատվության ենթարկել պետական հեղաշրջման մասնակիցներին:

Կարդացեք նաև

Ընդ որում, ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները, հանուն օրինականության եւ ժողովրդավարության պայքարող ուժերը պետք է պատրաստ լինեն բավականին կոշտ պայքարի` հանուն օրինականության, հանուն ժողովրդավարության եւ հանուն սահմանադրության»,- ԳԱԼԱ-ին ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս