Նա պիտի ասի՝ ով է գործել իր թիկունքում. Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մոր հարցազրույցը

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայտարարել է, որ ինքն այսքան ժամանակ լռել է, քանի որ դեղերի ազդեցության տակ միայն քնել է, իսկ հիմա ժամանակն է եկել, որպեսզի նա խոսի և ասի ամբողջ ճշմարտությունը: Նրա հարզացրույց է տվել galatv.am-ին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ես այսքան ժամանակ լռել եմ, որովհետև դեղերի ազդեցության տակ միայն քնել եմ, բոլորը լավ ճանաչում են իմ տղային՝ որպես բարեկիրթ մարդու, տեղի ունեցածը չի տեղավորվում իմ տրամաբանության մեջ…Ի՞նչ նպատակով է դահիճ մարդասպանը հոշոտել, նա ճանաչե՞լ է Կարենին, ո՛չ, հստակ մշակված սխեմա է սա: Ի՛նքն է՝ հարյուր տոկոս, ինքն է/ ի նկատի ունի ամբաստանյալ Հարություն Սարգսյանին Ք. Մ./:

Գոյություն ունեն տեսախցիկներ, գոյություն ունի գործի նախաքննություն…100 տոկոսով ինքն է՝ սառը մարդասպան է: Այսքա՛ն ստորություն, այսքա՛ն անբարոյականություն ո՞վ կունենա իրա մեջ: Էն էլ իմ երեխիս ուրախության օրը: 10 րոպե չի տևել, ինքն է վերջինը մտել մեքենան: Տեսախցիկները ցույց են տալիս ամեն ինչ … Պիտի պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ, էս դատը չի ավարտվի, մինչև չասի ինչի համար է արել, ով է դրդել իրեն, նա մենակ չէր կարող Կարենին տանել: Իմ տղան շատ խելացի էր և շատ ուժեղ, ո՞նց կարող էր Կարենին տանել: Զենքի ուժո՞վ է տարել, թե ինչո՞վ, չեմ կարող հասականալ: Նա քանդեց հազար ու մի երջանկություն: Մենք ապրում ենք անտարբերության մթնոլորտում, դրա համար նման ոճրագործություններ են տեղի ունենում:

Չի ճանաչել իմ տղային, մենք երեք տարի ԱՄՆ-ում ենք ապրել, իմ տղան 20 օր առաջ էր եկել, իր սիրած աղջկա հետ ամուսնանալու, հինգերորդ դասարանից սիրել է էդ աղջկան, բայց շատ կոռեկտ, շատ համեստ, ամեն ինչով կատարյալ մարդ: Եկել է այդ օրը, գնացել է մեքենան վերցնելու ավտոլվացման կետից: Դրանից մեկ օր առաջ և այդ օրը՝մինչև դեպքը, նա հետևել է Կարենին, ես լրիվ նայել եմ, Կարենը հենց շարժվել է, ինքն էլ հետևից է շարժվել: Նոււյն մեքենան կանգնած է եղել մեր տան փողոցում, մեր խանութի մոտակայքում, ես հիշում եմ :Ինքը գրանցված, վարձու մարդասպան է, դուք խոսքերին մի հավատացեք, նայեք պահվածքին, ամբողք դատական նիստի ժամանակ մտածում էի՝ ոնց է վարվել իմ տղայի հետ: Մի բան հաստատ է՝ իրա 10 մատը մտցներ տղայիս աչքերը, տղաս չէր ճանաչի ու ես էլ չեմ ճանաչում իրան: Դրա համար ուզում եմ, որ ասի՝ ով է իր մեջքի հետևում կանգնած, մարդիկ կան, մենակ չէր կարող անել այդ գործը: Եթե ինքը չէ մարդասպանը, ուրեմն Աստված իր հետ, թող ասի ո՞վ է այդ դեպքում… բայց մի բան գիտեմ, որ վերջին մարդը ինքն է եղել, ինքն է նստել մեքենան ու ինքը պիտի ասի, տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը:

Իմ ամուսնուն տեսնելիս՝ նա ձեռքերը ցույց է տվել ու ասել՝ կհավատաս էս ձեռքերից մարդասպան: Տեսախցիկներով երևում են նաև, որ հոշոտելուց հետո ինքը գալիս իրա ավտոմեքենան է նստում ու արագ ընթացքով իջնում է իրենց տուն: Ինքը, որ մենակ չի եղել միանշանակ է, այնտեղից բերող է եղել, հետո մարդիկ են եղել, որ ասել են՝ Հարութը նստավ գնաց, Հարութը երկու հոգով եկավ: Ինքը շորերը փոխել է, կես ժամ հետո հատել է Բավրայի սահմանը, որը ևս ֆիքսված է: Քեթիի դաշտավայրից գտան զենքը կտրտած, թե ով է այնտեղ գցել, ինչպես գտան՝ չգիտեմ: Մաքսատան աշխատակիցներն ասում են՝ ինքը շատ անհանգիստ է եղել, հրահանգել է անգամ ֆիքսել ժամը՝ երբ է հատում սահմանը: Այս ամենը կա քրեական գործում՝ նախաքննության մեջ:

Մի բանում գրեթե վստահ եմ, որ մարդ եղել է նորից այս գործում, միանշանա՛կ, էդ բանը մենակով հնարավոր չէ : Էդ մեծ գործողությունը բացառված է, որ մի հոգի անի, մարդիկ եղել են, ու ինքը պիտի ասի, անպայման, եթե ինքը չէ, թող ասի ո՞վ է, մինչև դա չասի, դատը չի ավարտվի, մինչև չասի ինչի՞ համար է արել՝ այդպես դաժանաբար զրկել Կարենին կյանքից, դատը չի ավարտվի»:

Տեսանյութեր

Լրահոս