Թուրքիան մտադիր է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ շեշտը դնելով ռուսական ու հյուսիս-ամերիկյան շուկաների վրա: Դրան կարող են նպաստել այդ շրջանների առողջապահական ոլորտում առկա խնդիրները. ԱՄՆ-ում՝ բժշկական կադրերի դեֆիցիտը և Ռուսաստանում՝ տվյալ ոլորտում միջոցների պակասը:
Թուրքիայում բժշկական զբոսաշրջության զարգացման մտադրության մասին հայտարարվել է Istanbul Health Expo ցուցահանդեսում, ուր քննարկվել են երկրում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Մասնագետներն ընդգծում են, որ արտասահմանում բուժում ստանալու մտադրություն ունեցող ամերիկացիներն ու ռուսաստանցիները սովորաբար չեն դիտարկում Թուրքիա այցելելու տարբերակը՝ թեև այդ երկրում առկա է բժշկական զբոսաշրջության զարգացման համար համապատասխան ենթակառույցներ:
Օրինակ, ռուսաստանցիների մեծ մասը նախընտրում է այդ նպատակով մեկնել Իսրայել ու Գերմանիա: Դրա հետ կապված՝ թուրքական իշխանություններն անհրաժեշտ են համարում ռուսական ու ամերիկյան շուկաների ուղղությամբ աշխատանքներ տանելը:
Հիշեցնենք, որ թուրքական կողմն ակնկալում է, որ այս տարի Թուրքիա կայցելի 30 միլիոն օտար զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների նման մեծ քանակն իր հերթին դժվարություններ է ստեղծում Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գործունեությունում, որը պետք է բացահայտի երկիր ժամանած օտար լրտեսներին: