Բաժիններ՝

Սասուն Միքայելյանը քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին. մամուլ

Ղարաբաղյան պատերազմի «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-2011 թթ քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվ գործիչ Սասուն Միքայելյանը հոդված է տպագրել «Հայկական Ժամանակ» օրաթերթում, որում անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններին և քննադատել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հանրությունը սպասում է որոշ պարզաբանումների և այս հոդվածով ես կփորձեմ իմ նկատառումներով կիսվել ժողովրդի հետ, միաժամանակ պատասխանելով նաև վերջին շրջանում լրագրողների կողմից ինձ ուղղված մի քանի հարցերի։ Սակայն, ես նույնպես կհնչեցնեմ հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն հնչել։

Նախ, ինչ վերաբերվում է քաղաքականությունից իմ դուրս գալուն։ Ես, լինելով 88-ի համաժողովրդական շարժման ակունքներում, որպես ազատամարտիկ, միշտ եղել եմ իմ ժողովրդի հետ։ Ես երբեք անտարբեր չեմ եղել մեր պետության ու ժողովրդի ապագայի նկատմամբ ու քանի որ այսօր էլ գտնում եմ, որ դեռ շատ անելիքներ կան մեր երկրում, չեմ կարող դուրս գալ քաղաքական պայքարից ու նպաստել ժողովրդի վերջնական հուսալքությանը։

Հաջորդ հարցը կապված է ՀԱԿ-ում մնալ-չմնալու հետ։ ՀԱԿ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քաղաքականությունը ես ճիշտ չեմ համարում։ Ի սկզբանե անհեռանկար քաղաքագիտական վերլուծությունն ու դրան հաջորդած անհեռատես քաղաքական սիրախաղերը, համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղումը և անհասկանալի ինտրիգների մեջ մտնելն, ի վերջո բերել են նրան, որ առաջիկա քաղաքական ամենակարևոր միջոցառմանը` նախագահական ընտրություններին մոտենում ենք գրեթե ամայացված քաղաքական դաշտով։

Փաստորեն այն, ինչը հալածանքներով, բանտարկություններով ու այլ բիրտ մեթոդներով վերջին չորս տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ-ի ղեկավարությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց։ Իշխանությունների վերարտադրման ճանապարհը հնարավորինս մաքրված է։ Եվ այդքանից հետո, երբ բոլորը սպասում էին ՀԱԿ առաջնորդից, գոնե որոշ պարզաբանումներ լսել այս ամենի մասին, հանկարծ պարզվում է, որ նրա միակ ասելիքն այն է, որ իր տարիքի հետ կապված` նպատակահարմար չի գտնում առաջադրվել, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչին էլ անմիջապես հետևում է ՀԱԿ -ի հայտարարությունը` ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին։

Մի՞թե սա է ՀԱԿ-ի վարած ճիշտ քաղաքականությունը, որի արդյունքում կտրվում է ժողովրդի վերջին հույսը, փոշիացվում է մեր երկրում աոաջինը համարվող ընդդիմադիր ուժը` ջարդելով ընդդիմության մեջքը : Սա ես համարում եմ, մեղմ ասած, սխալ քաղաքական հաշվարկի հետևանք կամ փախուստ մարտի դաշտից։ Որովհետև, եթե չի ստացվում իրականացնել իշխանափոխություն, կարելի է մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն ավելի օգտակար կլիներ մեր պետության ու ժողովրդի համար, միաժամանակ զգոն կպահեր իշխանություններին թե արտաքին ճնշումներին դիմագրավելու և թե երկրի ներսում ձևավորված անբարո բարքերը փոխելու հարցում։

Այժմ, երբ ՀԱԿ-ը հրաժարվում է պայքարից, ի՞նչ պետք է անի այն ժողովուրդը, որը հավատացել է մեզ, երկար ու ձիգ տարիներ պայքարել ու հույսով սպասում էր վաղվա լավ օրվան։ Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ պայքարից հրաժարվելու պատճառն, իմ կարծիքով, ամենևին էլ առաջնորդի տարիքը չէ, որովհետև ընդամենը ամիսներ առաջ, ՀՀ Աժ ընտրությունների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվորեն ներգրավված էր նախընտրական պայքարին և կարելի է ասել` երիտասաիդական եռանդով էր դա անում։ Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից։ Եվ եթե անգամ ընդունենք, որ տարիքն է պատճառը, մի՞թե հնարավոր չէր գոնե 1-2 տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ բերել։ Ես ամենևին համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ քաղաքականությունից իր բացակայության ժամանակահատվածում նոր լիդերներ չեն ծնվել։ Ռոբերտ Քոչարյանը, թերևս այն լիդերն է, որը նրա աճեցրած կադրն է և որին հաջողվել է 10 տարվա ընթացքում փոշիացնել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ու եթե այսօր, 21 տարվա անկախության պայմաններում, մեր երկրի երեկվա կամ վաղվա նախագահի օրինակարգությունը համեմատվում է Սադամ Հուսեյնի ու Քադաֆիի օրինակարգության հետ, ապա դրանում մեղավորը ոչ ժողովուրդն է, ոչ էլ Կևորկովը…։

Այժմ, ինչ վեիաբերվում է ՀԱԿ-ին։ Փաստորեն ստացվում է, որ եթե առաջադրվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, ապա պայքարը ավազակապետության կազմաքանդման համար շարունակվում էր, իսկ եթե՝ ոչ, ապա նախագահական ընտրություններին մասնակցելով՝ մենք լեգիտիմացնում ենք վարչախմբի վերարտադրությունը։

Սա լուրջ քաղաքական ուժի պահվածք չէ, և կարծում եմ, կնպաստի արտագաղթի ավելացմանը։ Ես չէի կարող այս ամենի մասնակիցը լինել, այդ իսկ պատճառով վերջին ՀՀ Աժ ընտրություններից հետո ուղղակի չեմ մասնակցել ՀԱԿ-ի անցուդարձին, սակայն, ես եղել և մնալու եմ համաժոդովրդական շարժման շարքերում։ Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրական թոհուբոհի հանդարտումից հետո հանգամանալից անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Կարծում եմ, որ դա անիմաստ է, որովհետև այս պարագայում ոչ մի ընտրական թոհուբոհ էլ չի լինելու, և եթե ասելիք կա, պետք է այսօի ասվի։ Հակառակ դեպքում, այդ նույն հասարակությանն աոաջնահերթ կարող են հուզել արդեն Ալթայի երկրամասին վերաբերվող հարցերը։

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ եթե անգամ հարթակում մնա միայնակ, միևնույն է, շարունակելու է պայքարը։ Այո, հնարավոր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարթակը որոշակիորեն նոսրացել է, բայց մեծ հաշվով, դա նույնպես կոնգրեսի դեկավարության սխալների հետևանք է և ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի դատարկվի հրապարակը։ Այսօր, երբ հրապարակն է դատարկվում, այլևս վտանգված չե՞ն հայոց պետականությունն ու մեր հաղթանակը։ Ի՞նչ պատասխան ենք մենք տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին և առհասարակ մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ժողովրդին։ Սա՞ է պայքարի վերջը, սրա համա՞ր են զոհվել տղաները։ Իհարկե՝ ոչ։ Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել հանուն մեր բոլորիս երազած Հայաստանի, և այդ պայքարը չի կարող վերջ ունենալ։

Սիրելի հայրենակիցներ, երբեք մի հուսահատվեք, քանզի միշտ էլ մեր հադթանակների կերտողը դուք եք եղել, և եթե այդ հաղթանակների համար անհատներ են պետք եղել, դրանք ծնվել են պայքարի արդյունքում։ Մեր հայրենիքը երբեք չի կարող լինել Ալթայի կամ որևէ այլ երկրամաս, այնպես որ յուրաքանչյուրս պետք է մեր պետականության ամրապնդման համար պայքարի, մեր բաժին բեռը պատվով տանենք ու չթողնենք այն գալիք սերունդների ուսերին։

Տեղին եմ համարում մեջբերել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը
«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից…»։

ՍԱՍՈԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս