Լևոնական բանսարկության հերթական թիրախը

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, տևական ժամանակ է, դարձել է կոնգրեսական ակտիվիստների կողմից՝ բացահայտ, ՀԱԿ-ի նոմենկլատուրայի կողմից` դեռևս թաքնված, անուղղակի հետապնդման ենթարկվող հերթական քաղաքական գործիչը:

Ամիսներ շարունակ սոցիալական ցանցերում, Կոնգրեսի ինտելեկտուալ հովանավորությունը վայելող այլընտրանքային կայքերում Մակեյանը քարկոծվում էր այն բանի համար, որ համարձակվում էր դեմ արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը: Այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին, Կոնգրեսի «գրասենյակային թևը» հույս ուներ, որ Մակեյանն ու հրապարակավ ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետից տարբերվող կարծիք հայտնած մի քանի այլ ՀԱԿ-ականներ դուրս կգան այդ կառույցից և իրենք` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ  կամ առանց նրա կկարողանան «ռեալպոլիտիկի» շրջանակներում շարունակել «քաղաքագիտական վերլուծության»` ըստ ամենայնի, նաև նյութական հետևանքներ ապահովող կուրսը:

Բայց Մակեյանը ոչ միայն դուրս չի գալիս Կոնգրեսից, այլ նաև հանդես է եկել ՀԱԿ-ն առողջացնելու նախաձեռնությամբ: ԺՀԿ-ն` որպես Կոնգրեսի անդամ կուսակցություն, ինչպես հայտնի է, ընդունել է մի փաստաթուղթ, որով պահանջում է պաշտոնանկ անել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին: Վերջինիս համար դա շատ վտանգավոր կարող է լինել. ՀԱԿ-ի մեծամասնությունը, ոմանք՝ կոնյունկտուրային նպատակներից ելնելով, ոմանք` վախենալով «դավաճան» հռչակվելուց, պարտադրված հանդուրժում են Լևոն Զուրաբյանին:

Բացառված չէ, որ Մակեյանի նախաձեռնությունը կարող է  համարձակություն հաղորդել ՀԱԿ-ի այդ զանգվածին, և նրանք կարող են գործնական քայլեր ձեռնարկել: Իհարկե, ի վերջո, ամեն ինչ կախված է Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունից. եթե նույնիսկ Լևոն Զուրաբյանն անձամբ դեմ լինի, նա կշարունակի համակարգել ՀԱԿ-ը, եթե այդպես ցանկանա Տեր-Պետրոսյանը: Սակայն չպետք է բացառել, որ հանուն ՀԱԿ-ը գոնե առժամանակ պահպանելու նպատակի, Լ. Տեր-Պետրոսյանը կարող է նաև զիջման գնալ Լ. Զուրաբյանի հարցում և ընդառաջել Մակեյանի նախաձեռնությանը:

Արդյունավե՞տ քայլ կլինի դա ՀԱԿ-ի պահպանման տեսանկյունից, թե՞ ոչ, այլ հարց է: Խնդիրն այն է, որ Լ. Զուրաբյանի համար դա վտանգավոր զարգացում է, ուստի բնական է, որ նա պետք է հակաքայլեր ձեռնարկի: Ու պատահական չէ, որ արդեն երկու օր է` Մակեյանի վարկաբեկման գործընթացը նոր թափ է ստացել: Մասնավորապես, որոշ լրատվամիջոցներում հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ Մակեյանի տարաձայնությունները կապված են ֆինանսների հետ. ըստ այդ լուրերի՝ Մակեյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լ. Զուրաբյանից հավելյալ ֆինանսավորում է պահանջել ընտրարշավի համար, ապա նաև դժգոհել է ԱԺ ՀԱԿ խմբակցությանը կառավարության կողմից հատկացված գումարի բաշխման կապակցությամբ:

Այսինքն` փորձ է արվում խնդիրը ներկայացնել այնպես, որ Մակեյանի տարաձայնությունները ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական դրդապատճառներ ունեն, այլ կերպ ասած` ԺՀԿ նախագահը «փողի համար է կռիվ անում»:
Պետրոս Մակեյանը քաղաքականության մեջ է մոտ քսան տարի, 90-ականների կեսից ընդդիմադիր գործունեություն է ծավալում: Արդյունավե՞տ է նրա քաղաքական գործունեությունը, թե՞ ոչ, լա՞վ է նա պայքարում, թե՞ ոչ այնքան, այլ հարց է: Կարելի է չկիսել Մակեյանի հայացքները, դեմ լինել նրա գործելակերպին: Սակայն նույնիսկ կասկածելը, որ Մակեյանն այս կամ այն քաղաքական քայլին կարող է դիմել նյութական շահից ելնելով, առնվազն ստորություն է:

Մյուս կողմից՝ ոճը, որով կոնգրեսականները պայքարում են Մակեյանի դեմ, հերթական անգամ բացահայտում է ոչ վաղ անցյալում Հայաստանի ամենաընդդիմադիր ու ամենալուսավոր միավորը համարվող քաղաքական կառույցի հիմքում ընկած արժեքները: Ավելի ճիշտ`բոլոր արժեքներից միայն նյութական արժեքի` փողի գերակայությունը:

Հ.Գ. Ինչպես նշեցինք, ՀԱԿ-ի բազմաթիվ ղեկավար և շարքային անդամներ իրականում կիսում են Պետրոս Մակեյանի դիրքորոշումը թե՛ քաղաքագիտական վերլուծության, թե՛ Լևոն Զուրաբյանի գործունեության վերաբերյալ: Սակայն Պ. Մակեյանը դեռևս միակն է, ով կոնկրետ քայլ է կատարել այդ ուղղությամբ: Այսօր կայանալու է ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որում, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է ԺՀԿ-ի պահանջը Լևոն Զուրաբյանին փոխարինելու վերաբերյալ: Դժվար է ասել` ի՞նչ որոշում կընդունվի այդ նիստի արդյունքում, քանի որ մեծ է հավանականությունը, որ իրականում Մակեյանի նախաձեռնությանը կողմ կոնգրեսականները` տեսնելով ուժերի հարաբերակցությունը, կարող են վերջին պահին պաշտպանել Լ. Զուրաբյանին:

Տեսանյութեր

Լրահոս