Սոս Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը պաշտպանելու է Հրանտ Բագրատյանի թեկնածությունը
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություևը որոշել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտպանել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Գործընկեր կուսակցություն է, միասին ՀԱԿ-ում ենք եղել, քանի որ ՀԱԿ-ից միակ առաջադրվող թեկնածուն «Ազատության» թեկնածուն է, մենք էլ առանձնակի հակասություններ ու պրոբլեմներ չենք ունեցել, մեր կուսակցությունը որոշեց սատարել, պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը»,- ասել է նա:
Հարցին, թե նախկին վարչապետին սատարելու Ձեր որոշման համար ՀԱԿ-ում քննադատության չարժանացավ արդյոք, քանի որ ՀԱԿ շատ ներկայացուցիչներ ՀԱԿ-ի ընտրությունները բոյկոտելու պարագայում Հրանտ Բագրատյանի առաջադրվելը համարում են դավաճանություն, Սոս Գիմիշյանը նշել է, թե ո՞վ է ասել, թե ՀԱԿ-ը որոշել է բոյկոտել ընտրությունները, քանի որ «բոյկոտել չի նշանակում տանը նստել և չմասնակցել ընտրություններին, այլ նշանակում է` ընկել է քաղաքներով, գյուղերով և ժողովրդին համոզել, բացատրել, թե ինչու չպիտի մասնկացել, ո՞րն է դրա նպատակը»:
«Բոյկոտել նշանակում է հանձնաժողովի անդամներին հանել, մանդատները վայր դնել, թե տաք տեղերը իրենք իրենց ապահովեցին, հիմա բոյկոտում են: Ասում են, թե իբր մասնակցությամբ լեգիտիմացնում են ընտրությունները, այդ դեպքում թող ասողը առաջին հերթին մանդատները վայր դնեն, որ գնացին, մտան ԱԺ` իբր ներսից իշխանություն քանդեն, փոխանակ ներսից իշխանություն քանդեն, նույն մարդիկ դրսից ՀԱԿ-ը քանդեցին, ուրեմն` թող չլեգիտիմացնեին ԱԺ»,- NEWS.am-ին ասել է նա:
Նա հարց է հնչեցրել, թե որն է ընտրություններին չմասնակցելու նպատակը, քանի որ եթե իրենք չեն մասնակցում, ապա ինչ լավ բան են անում մեր երկրի, ժողովրդի, համար:
«Թող բացատրեն, գուցե իսկապես լուրջ միտք կա, ոչ մի բան չկա, տանը նստել են, բոյկոտում են: Հետո, մենք երբեք բոյկոտելու մասին չենք խոսել, մենք 5 տարի է` խոսում ենք արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրությունների մասին, բայց գնացինք մասնակցեցինք հերթական խորհրդարանական ընտրություններին, որին այդ ձևով մասնակցելուն մենք դեմ էինք, մասնակցեցինք, տանուլ տվեցինք: ՀԱԿ-ի հռչակագիրն ենք 100 տոկոսով տանուլ տվել, որտեղ գլխավոր նպատակը հռչակել էինք արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների միջոցով սահմանադրական կարգ վերականգնելն է, ոչ էն ենք արել, ոչ էն, այսինքն` ամբողջությամբ ՀԱԿ-ի ծրագիրը տանուլ ենք տվել, հիմա էդ մարդիկ խոսում են ինչ-որ դավաճանությունից»,- ասել է նա: