Ինչո՞ւ են ռուսները հիշել ԼՂ-ի անկախության մասին
«Այն, որ դեռևս պատերազմ չի սկսվել, դա ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի, ռուսների կամ ամերիկացիների շնորհիվ է, այլ երևի կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանում կարծում են, որ առայժմ պատրաստ չեն պատերազմի:
Երբ նրանք վստահ եղան իրենց ուժերի վրա` սկսելու են պատերազմական գործողություններ, պատերազմը կսկսվի Ադրբեջանի կողմից»,- մեր թղթակցի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին` ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը: Վերջինս գտնում է, որ հարձակվելու դեպքում` Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ հնարավոր ագրեսիան մատուցելու է` որպես իր ներքին խնդիր: «Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա, Ադրբեջանը հարձակվելու է սեփական Լեռնային Ղարաբաղի վրա:
Ստացվում է, որ Հայաստանը, չճանաչելով ԼՂՀ-ի անկախությունը, դրանով իսկ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դե յուրե այդպես է ստացվում»,- նշել է ռուս փորձագետը: Հարցին` ստացվում է, որ Հայաստանը պետք է ճանաչի՞ ԼՂՀ-ի անկախությունը, Ալ.Սկակովը պատասխանել է. «Կարծում եմ` այո՛: Իմ կարծիքով` բոլոր պատճառաբանությունները, թե ԼՂՀ-ի անկախության ճանաչումը հարված կլինի խաղաղության գործընթացին, չեն աշխատում, դա երեսպաշտություն է, որովհետև չկա ոչ մի խաղաղության գործընթաց: Դու չես կարող խաթարել այն, ինչ գոյություն չունի: ԼՂՀ-ի ճանաչումը կլինի երաշխիք, որպեսզի դուք կարողանաք միջամտել այդ հակամարտությանը, հակառակ դեպքում` Բաքուն դա կներկայացնի որպես Ադրբեջանի ներքին հարց»:
«168 ԺԱՄ»
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովի հետ ամբողջական հարցազրույցն՝ առաջիկայում: