
Եզդիները Սերժ Սարգսյանի կողքին են

Հայաստանի եզդիների համայնքն առաջիկա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: «Մենք լինելու ենք իշխանավորների կողքին»,- ըստ «Ա1+»-ի՝ ասել է Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նա նաև նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ եզդի համայնքը նրան է սատարել. «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, մենք նրա կողքին էինք, հիմա նա իշխանավոր չի, նրա կողքին չենք»:
Հարցին, թե ինչո՞ւ է եզդիական համայնքը սատարում Սերժ Սարգսյանին, Ազիզ Թամոյանը պատասխանել է, որ պետության պատվերով հրատարկվում են եզդիական գրքերը, բացվում են դպրոցներ, ռադիոյով եզդիերեն լեզվով հաղորդումներ կան:
Պարզվում է, որ Հայաստանում եզդիական համայնքի համար միակ խնդիր է Արագածոտի մարզերի 6 եզդիական գյուղերում քրդերեն լեզվով դասընթացների անցկացումը: «Այս ամենը հովանավորվում է քրդական կուսակցության կողմից, որը ցանկանում է Հայաստանում բուն դնել»,- ասել է եզդիների միության նախագահը: