Կնքահոր՝ Ջհանգիրյանի և Իվան Գրիգորյանի արձանները թող դնեն իրենց գյուղում
«Մատաղիսի» գործով տուժող Ռոման Եղիազարյանի հարազատները հայտարարել են, որ ներման արժանացած երեք երիտասարդներն են իրականում մեղավոր: Նրանք պնդում են, որ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը կեղծ չի եղել, և որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեծ ջանքեր է գործադրել` բացահայտելու «Մատաղիսի» գործի իրական մեղավորներին:
Այսօր այս առիթով galatv.am-ը զրուցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ.
– Պարոն Սաքունց, փաստորեն տուժող կողմերից մեկը հայտարարում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճիռն ապօրինի է, և որ հանցագործները այն երեք երիտասարդներն են, ովքեր ազատ արձակվեցին: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ:
– Ցավոք սրտի, Ռոման Եղիազարյանի հարազատները մեկ անցնում են Իվան Գրիգորյանի պաշտպանությանը, մեկ անցնում են Ջհանգիրյանի պաշտպանությանը: Ես առաջարկում եմ՝ իրենք իրենց գյուղում երկուսի արձանն էլ թող կանգնեցնեն: Ես լուրջ եմ ասում՝ իրենք թող իրենց գյուղում Ջհանգիրյանի և Իվան Գրիգորյանի արձաններն իրար կողքի տանեն դնեն:
Էս վերջերս ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ռոման Եղիազարյանի հարազատների վարքագիծը քննիչի փոփոխության հետ փոփոխություն է կրել: Իրենք պետք է բացատրեն, թե ինչո՞ւ են դիրքորոշում փոխել, պետք է հիմնավորեն: Նման ջանասիրությամբ պաշտպանել հանցագործությունը կոծկած մարդուն, ինձ համար դա ավելի շատ տարօրինակ է: Դրա համար ասում եմ, որ մի տարբերակ ունեն՝ երկուսի արձանը դնելու, որովհետև իրավական հիմնավորում չունեն: Քրեական գործերի նյութերին չեն տիրապետում:
– Ռոման Եղիազարյանի հարազատները մատնացույց են անում 2004 թ. Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանությունը: Դա, ըստ Ձեզ, իրավական հիմք չէ՞ քրեական գործում:
– Ռոման Եղիազարյանի հարազատները հիմնվում են ոչ թե դատաքննության ընթացքում արված բացահայտումների վրա, այլ սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում և հիմք չունեն, որ նման կարծիք ունենան, բայց Ջհանգիրյանի անհանգստությունը օբյեկտիվ հիմքերով է պայմանավորված: Քրեական գործի երկու նախաքննությունների և դատաքննությունների արդյունքում բացահայտվել են ավելի շատ հիմքեր: Մեղմ ասած՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի արվել:
Էդ տեսակետից «Մատաղիսի» գործով ակնհայտ ապօրինի մեղադրանքի կնքահայր Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություններ ունի: Կարծում եմ, որ մտահոգություն պետք է ունենա նաև Գևորգ Կոստանյանը: Եթե նայում ես օբյեկտիվ հիմքերին, այս տեսակետից ավելի քան հասկանալի է Ջհանգիրյանի անհանգստությունը, և հետևաբար շատ ավելի պարզ է դառնում, թե ինչով է պայմանավորված այն, որ Ռոման Եղիազարյանի հարազատները շահագրգռված են և շարունակում են պնդել, որ ամեն ինչ նորմալ է եղել, և շնորհակալություն են հայտնում Ջհանգիրյանին: Մի հատ էլ Իվան Գրիգորյանին թող շնորհակալություն հայտնեն, որ ինքը բավական լավ ղեկավարել է գումարտակը, որտեղ երկու զինծառայող զրկվել են կյանքից, այդ թվում՝ իրենց որդին: