Առանց Բալասանյանի էլ Ս. Սարգսյանը Գյումրիում շա՜տ ավելի շատ ձայներ է տանելու…
«Էս մնացած թեկնածուներին բոլորին էլ նորմալ եմ վերաբերվում, էն նախորդներին, որ հանեցին թեկնածությունները, չէ, քանի որ երևի իրանք էլ չէին հասկանում՝ ուր են դիմել, ինչի համար են դիմել: Էս մնացածները նորմալ թեկնածուներ են, համենայնդեպս, մրցակցությունը ոչ թե Սերժ Սարգսյանի հետ է լինելու, այլ իրար հետ, որովհետև Սերժ Սարգսյանը ֆավորիտ է միանշանակ էս ընտրություններում, ընդ որում, պիտի հաղթի առաջին փուլով, իսկ մնացածը իրար մեջ պիտի մրցեն»,- galatv.am-ի հետ զրույցում՝ խոսելով սպասվող ընտրություններից և մրցակցությունից, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ հիմնական մրցակցությունը լինելու է «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև՝ երկրորդ-երրորդ տեղի համար:
Ընդ որում, ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ Հրանտ Բագրատյանն ավելի մեծ թվով ձայներ է հավաքելու ՀՀ նախագահի ընտրություններին: «Էս պահի դրությամբ, կարծում եմ, կլինի Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան և Պարույր Հայրիկյան. այսպիսին կլինի ձայների բաշխումը, իհարկե, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերի համար: Իսկ մեր՝ ՀՀԿ-ի խնդիրն է լինելու, որ կարողանանք ընտրություններն անցկացնել մեր Ընտրական օրենսգրքի և եվրոպական պահանջվող չափորոշիչներին համապատասխան»:
ՀՀԿ պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանն անհամեմատ շատ ձայներ է հավաքելու Շիրակի մարզից: Մեր այն դիտարկմանը, թե այդպես կարծում էին նաև 2008-ին, այնինչ այն ժամանակ գյումրեցիների ֆավորիտ թեկնածուն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էր, իսկ 2012թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիում բավականին բարձր էր ԲՀԿ-ի վարկանիշը, և մարզը շատերը համարում են ԲՀԿ-ականացված, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսպես հակադարձեց. «Ոչ մեկի բանով էլ չէ, մարզը մնում է մարզը, մարզի բնակիչներից ամեն մեկը մի քաղաքական ուժ է: Բոլոր քաղաքացիներն էլ տեսել են այն, ինչ արվել և արվում է Գյումրիում հանրապետության նախագահի՝ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ: Դա բավարար է, որ մարզի բնակչությունը սատարի Սերժ Սարգսյանին: Համենայնդեպս մեր թեկնածուն ԱԺ ընտրությունների՝ ՀՀԿ-ի հավաքած ձայներից շատ ավելի շատ ձայն կտանի»:
Galatv.am-ի հարցին, թե արդյո՞ք այդպես կլինի նաև այն դեպքում, եթե Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը չսատարի Սերժ Սարգսյանին, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե-ներով չխոսենք, քանի որ երբ սկսվի ընտրարշավը, այն ժամանակ պարզ կլինի, այն ժամանակ կխոսենք:
Կարծում եմ, որ բոլորն էլ նախագահի արած աշխատանքները գնահատելով՝ պարտավոր են գնահատել և աջակցել Սերժ Սարգսյանին, այդ թվում նաև Բալասանյանը: Ինչքան շատ մարդիկ սատարեն, ձայներն ավելի շատ կլինեն»:
ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ ամեն դեպքում, եթե անգամ Գյումրիի քաղաքապետը չսատարի էլ ու որոշի չեզոքություն պահպանել, ֆավորիտ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, ամեն դեպքում դժգոհող զանգված կլինի, որոնք մեծ մասամբ կկողմնորոշվեն «Ժառանգության» թեկնածուի կողմը: Հարցին, թե ի՞նչ է լինելու, ինչպե՞ս է կողմնորոշվելու Շիրակի մարզում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածը, ո՞ր թեկնածուներին են նրանք ձայն տալու, Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Հաստատ էդ մասսան տարանջատվելու, տարրալուծվելու է, միասնական որևէ բան չի լինելու»: