Զարգացնում են արդյունաբերությունը
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։
Խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ հիմնադրամի նպատակն է տեխնիկական, կազմակերպչական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը արդյունաբերական ձեռնարկություններին, մասնավորապես, նրանց, որոնք ունեն արտահանման ուղղվածություն:
Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամի ստեղծումը համահունչ է կառավարության նպատակին՝ հասցնել արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 20-21%-ի:
Հիմնադրամի հիմնադիր կապիտալը կազմում է 500 մլն դրամ, որոնցից 300 մլն-ը պետբյուջեի միջոցներից է, սակայն, ըստ նախարարի, հիմնադրամն արդեն կապիտալի ավելացման ուղղությամբ բանակցություններ է վարում մասնավոր հատվածի եւ միջազգային կառույցների հետ:
Տիգրան Դավթյանը ասել է, որ ՀՀ արդյունաբերության աճն այս տարի ակնկալվում է 9.2% սահմաններում, ինչը մոտ է 2012-ին արձանագրված ցուցանիշին (մոտ 10%):