
Ադրբեջանում կարող են զինծառայությունից ազատել ընտանիքի միակ զավակին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ընտանիքների միակ երեխաները կարող են ազատվել զինծառայությունից: Այս մասին գործակալությանը հայտնել են խորհրդարանից:
Այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել մի շարք պատգամավորներ, որոնք ցանկանում են փոփոխություններ կատարել «Զինծառայություն անցնելու մասին» օրենքում: Համապատասխան առաջարկը կարող է ներկայացվել խորհրդարանի գարնանային նստաշրջանի ժամանակ: Եթե այն ներկայացվի ու ընդունվի, ապա կվերաբերի միայն ընտանիքի միակ երեխային:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դաժանաբար ծեծի ենթարկված և սպանված նորակոչիկ զինծառայող Ջեյհուն Գուբադովն ընտանիքի միակ զավակն էր: