ՕԵԿ մամուլի քարտուղարը խորհուրդ է տալիս ՀԱԿ անդամին պայքարել սեփական քաղաքական իմպոտենտության դեմ
«Չգիտես ինչու՝ իրենց քաղաքական գործիչներ երևակայած նման անձինք միշտ «Ինտելեկտի» դուրսմղման տարածություն են փնտրում»,- ըստ galatv.am-ի՝ այսպես արձագանքեց ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինքը գրեթե նույնքան ձայն է հավաքել, որքան ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո բաց ասել, որ իրենք կայունության կողմնակից են և միացել են իշխանությանը, ասել է. «Արթուր Բաղդասարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից շատ ձայն չի հավաքել, և էդ հնարավորությունը չուներ, եթե ունենար, միգուցե ուրիշ ձևով իր ձայները կվաճառեր : 45 տարեկանում էլ ինքն այլևս ոչ մեկին պետք չի, թող դուրս գա փողոց, կասեն իրեն՝ ինքը պե՞տք է, թե՞ չէ»:
Արթուր Միսակյանի խոսքով՝ Վահագն Խաչատրյանի մեկնաբանությունը նման է հետևյալ տեսարանին. ամերիկյան նշանավոր ֆանտաստ Այզեկ Ազիմովի «Հիմք» վիպագրության մեջ կա անչափ հետաքրքիր մի դրվագ։ Ինչ-որ հեռավոր մոլորակ է ժամանում գալակտիկական կայսրության կանցլերը։ Մոլորակի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում կանցլերը խոսում է ամեն ինչի մասին և չափազանց շատ։ Այնքան շատ, որ նրա ճառերի ձայնագրությունը ստիպված են անցկացնել հատուկ սարքի միջով. դա մաքրում է բառային կլեպն ու ներկայացնում միայն իմաստային չոր նստվածքը։
«Եվ ի՞նչ եք կարծում։ Ձայնագրությունը ինքնաոչնչացավ։ Բացի բառային կլեպից, կանցլերի ճառերը բացարձակապես ոչինչ չէին բովանդակում։ Այնպես որ` խորհուրդ կտայի Խաչատրյանին զբաղվել իր համար ավելի բնական որևէ գործով. սունկ հավաքելով, քարտաշությամբ, լոտո խաղալով, կժով աղբյուրից ջուր բերելով, դուդուկ նվագելով։ Միայն ավանդական հայկական զբաղմունքները՝ հոգեթով, ջերմ, կարող են օգնել մարդուն պայքարել սեփական անզորության և քաղաքական իմպոտենտության դեմ։ Այդպիսին են միշտ եղել մեր հիասքանչ զվարճանքները. հոլ, չլիկ դաստա, ճան, բռնոցի, պպզոցի»,- եզրափակել է Արթուր Միսակյանը։