
Մինչև հունվարի վերջ Վրաստանում պատրաստվելու է քաղբանտարկյալների նոր ցուցակ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը մինչև հունվարի վերջ պատրաստելու է քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձանց և քաղաքական հալածյալների նոր ցուցակ: Դրանից հետո այն կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:
Չի բացառվում, որ դրանից հետո խորհրդարանը կդիմի դատախազություն ու դատարան՝ տվյալ գործերի քննման համար: Արդեն հայտնի է, որ խորհրդարանական փոքրամասնությունը չի մասնակցելու այդ ցուցակի կազմմանը:
«Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ողջունել է քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ ընդգծելով, որ արդարությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ կպատժվեն բոլոր մեղավորները: Նա հավելել է, որ համաներմամբ ազատ արձակված 190 քաղբանտարկյալների թվում եղել են նաև իրենց կուսակցության ակտիվիստներ:
Հիշեցնենք, որ համաներման տակ ընկած ավելի քան 3000 բանտարկյալների թվում չի ընդգրկվել ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանը: