Մամեդյարովը Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը որակել է որպես «ապօրինի»
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպել է Ադրբեջան ժամանած Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մամեդյարովն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման խնդրին.
«Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումն ապօրինի է՝ նախքան ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը: Հայկական զորքերի դուրս բերումից ու խաղաղության համաձայնագրի կնքումից հետո հնարավոր կդառնա հումանիտար նպատակներով այդ օդանավակայանի օգտագործումը, ինչը պետք է տեղի ունենա տվյալ փաստաթղթի շրջանակներում:
Ադրբեջանական տարածքներում սիրիահայերին տեղավորելը նույնպես ապօրինի է, և պաշտոնական Բաքուն այդ կապակցությամբ քանիցս իր դժգոհությունը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր տարբեր ժամկետներ են նշել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբնի համանախագահների միջև Փարիզում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նրանց մի մասը որպես այդ հանդիպման անցկացման ժամկետ է նշել հունվարի 28-ը, իսկ մյուս մասը՝ փետրվարի 28-ը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման է հանձնվելու մոտ ժամանակներս: Ավելի վաղ ադրբեջանական կողմը սպառնացել էր կործանել քաղաքացիական ինքնաթիռները, սակայն գնալով նահանջ նկատվեց նրա ռազմաշունչ հայտարարություններում: