Ոստիկաններն այցելել են նոր բնակարաններ ստացած անձանց
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2013 թ. հունվարի 14-ին հերթական անգամ ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները:
Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 14252 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 11599-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2653-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ 14.01.2013 թ. դրությամբ 1328 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 911 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:
Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 9753 հասցեներ, որոնցից 781-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:
Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները:
Ռեգիստրում տվյալների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները շարունակելու են հրապարակվել ՀՀ ոստիկանության www.police.am կայքէջում: