
Սպիտակ տունը մերժել է «Աստղային պատերազմների» ֆանատներին` ռազմական տիեզերակայան կառուցելու հարցում

ԱՄՆ-ի ավելի քան 25 հազար քաղաքացիներ ստորագրել են «Աստղային պատերազմները» ֆիլմի` սուպերլազերով հագեցած «Մահվան աստղերի» ռազմական տիեզերակայանի նմանությամբ տիեզերակայան կառուցելու համար թույլտվություն հայցող դիմումը: Դա նշանակում է, որ Սպիտակ տունը պարտավոր էր քննարկել դիմումը: ԱՄՆ կառավարությունն արել է դա և պատասխանել է մերժմամբ:
Սպիտակ Տան կայքէջում տեղադրված մերժման տեքստը շարադրված է կատակի ժանրով` «Աստղային պատերազմի» ոճով: «Սա դիմումի այն պատասխանը չէ, որը դուք անկալում եք» վերնագրով փաստաթղթում նշվում է, որ «Մահվան Աստղերի» կառուցումը պահանջում է մոտ 850 քվադրիլիոն (850000000000000000) դոլար, և, որ նման կայանի կառուցումը հակասում է տիեզերքում խաղաղության պահպանման սկզբունքին:
Բացի այդ, «Մահվան աստղը» լուրջ թերություններ ունի. այն կարող է ոչնչացվել անգամ մեկ անձից բաղկացած տիեզերանավի կողմից: Ուղերձն ավարտվում է հետևյալ բառերով. «Եթե ցանկանում եք հաջողության հասնել գիտության, տեխնիկայի, ինժեներիայի կամ մաթեմատիկայի ասպարեզում, թող Ուժը ուղեկցի ձեզ… Հիշեք, որ «Մահվան Աստղի»` երկրագունդը կամ նույնիսկ սոսկ տիեզերական համակարգը ոչնչացնելու կարողությունը ոչինչ է Ուժի հնարավորությունների համեմատ»: