Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրինագիծը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այսօր ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Ավելի վաղ այդ փաստաթղթի վրա վետո էր դրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինիս կողմից այդ փաստաթուղթը ստորագրելու ժամկետը սպառվել է հունվարի 12-ի գիշերը, ինչից հետո ստորագրության իրավունքն անցել է խորհրդարանի նախագահին:

«Համաներման մասին» օրենքի ստորագրումից հետո Ուսուպաշվիլին հայտարարել է, որ սա Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Վրաստանի խորհրդարանը հաղթահարում է օրինագծի վրա նախագահի դրած վետոն: Ուսուպաշվիլին հավելել է, որ Վրաստանի խորհրդարանն առաջնորդվել է մարդասիրական նկատառումներով՝ ընդգծելով, որ մարդը մարդ է անգամ ազատազրկման մեջ:

Ուսուպաշվիլին հիշեցրել է, որ բանտարկյալները բանտերում ու գաղութներում ենթարկվել են կտտանքների, և համաներումը կլինի նրանց փոխհատուցում՝ բանտարկյալների ընտանիքներին ու ընկերներին կոչ անելով ազատության մեջ հայտնվելուց հետո աջակցել նրանց: Ուսուպաշվիլին ընդգծել է, որ համաներման արդյունքում ազատության մեջ կհայտնվի 200 քաղաքական հալածյալ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 3000 մարդ: Բացի այդ, շատերի համար էլ կրճատվելու է ազատազրկման պատժաժամկետը:

Վրաստանի խորհրդարանը «Համաներման մասին» օրինագիծը հաստատել էր 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, սակայն դեկտեմբերի 27-ին դրա վրա վետո էր դրել Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս