Բաժիններ՝

Կինը հանցագործության է դիմել՝ ամուսնու դավաճանությունների պատճառով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մարիամ Աղաջանյանի (նախկինում չդատված): Այս մասին տեղեկացնում է Իրավաբան.net-ը։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ամուսնու` Վահագն Հարությունյանի կողմից այլ կանանց հետ շփվելու առիթով տան ննջասենյակում վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում ննջասենյակում գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է ամուսնու որովայնի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ստորին սիներակի բարակ, սիգմաձայն աղիների վնասումով:

Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Մարիամ Աղաջանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն է առաջադրված մեղադրանքին, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր` պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Միջնորդությունը հաստատել է նաև ամբաստանյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Տուժող Վ. Հարությունյանը նույնպես չի առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելուն, նշել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի ամբաստանյալից և խնդրել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Մարիամ Աղաջանյանի մեղավորությունը` դիտավորությամբ Վահան Հարությունյանի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ապացուցված է:

Դատարանը վճռել է Մարիամ Աղաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:

Դատարանը միաժամանակ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և Մարիամ Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:

 

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս