Թուրքիայի համար ամենաշահավետն ադրբեջանական գազի գնումն է
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի համար հազար խորանարդ մետր ադրբեջանական գազի գնումն արժենում է 350 դոլար: Այս մասին հայտարարել է SOCAR Turkey Energy ընկերության ղեկավար, Petkim նավթաքիմիական համալիրի ղեկավար անդամ Քենան Յավուզը:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի համար ամենաշահավետն ադրբեջանական գազի գնումն է, քանի որ մյուս աղբյուրներիի գազը Թուրքիայի համար արժենում է շատ ավելի թանկ: Օրինակ, հազար խորանարդ մետր իրանական գազի համար Թուրքիան վճարում է 500 դոլար, իսկ նույնչափ ռուսական գազի համար՝ 400 դոլար:
Ներկայումս Թուրքիան ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը ստանում է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավ-կովկասյան) գազատարով: «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման առաջին փուլում Թուրքիան, պայմանագրի համաձայն, տարեկան ստանում է 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ երկրորդ փուլում ստանալու է ևս 6 միլիարդ խորանարդ մետր:
«Շահ Դենիզ» գազային հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր:
Հիշեցնենք, որ ԲԹԷ-ն կառուցվել է 2004-2006 թվականներին: Գազատարի կառուցման մեջ ներդրվել է 1.1 միլիարդ դոլար: Խողովակաշարի տարեկան թողունակությունը`7.2 միլիարդ խորանարդ մետր է: Այդ խողովակաշարում ադրբեջանական SOCAR-ի մասնաբաժինը կազմում է 10 տոկոս: