Մհեր Սեդրակյանի բենզալցակայանում ծեծի ենթարկված դերասանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք
Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք՝ առողջության տևական քայքայումով: Այսպիսի եզրակացության է հանգել դատաբժիշկը` դերասանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբներին տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել դերասանը և ծանր մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց: Թեև դերասանի մայրը մամուլով հերքել էր Մ.Սեդրակյանի ենթակաների կողմից իր որդուն ծեծելու հանգամանքը, այդուհանդերձ դերասանի հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը հաստատվեցին: Դերասանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանությունը եզրակացությունը ստացել է շուրջ 1 ամիս առաջ` դեկտեմբերի 17-ին:
Ըստ այդմ, Ս.Գրիգորյանը ստացել է գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, երկկողմանի կոնվեքսիտալ հիդրոմա՝ առանց գլխուղեղի ճնշման, տրավմատիկ նեյրոսենսոր ծանրալսության ձևով: Պատճառված վնասվածքի եղանակի մասին դատաբժիշկը ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ հավանաբար այն հասցվել է բութ, կոշտ առարկայով:
Ոստիկանությունում բացատրություններ են տվել նաեւ տուժուղը եւ նրա մայրը: Դերասանը շարունակել է պնդել, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 29-ին, իրենց տանը ներքին հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ` փայտյա աստիճանից վայր ընկնելու հետևանքով, բայց Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել միայն դեկտեմբերի 1-ին: Դերասանը հերքել է ԶԼՄ-ների հաղորդումներն առ այն, թե ինքը վնասվածքը ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով:
«Այդ ամենը զրպարտություն է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նա՝ հերքելով նաև, որ վնասվածքը կարող է ստացած լինել վթարի, հրելու կամ աստիճանի վրայից վայր գցելու հետևանքով:
Այդուհանդերձ, Արմավիրի մարզի դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը քննության առարկա դարձնել նաև մամուլի հրապարակումները և ստուգել մամուլում նշված հանգամանքները: