
Ուիլյամի ու Քեյթի չծնված դուստրը գահակալելու իրավունք է ստացել

Եթե արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը դուստր ունենան, նա կստանա արքայադստեր տիտղոս: Դա նշանակում է, որ նա ինքնաբերաբար կկարողանա հավակնել գահին հերթականության կարգով: Համապատասխան լիազորագիրը` թագավորական հատուկ հայտարարության տեսքով, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը ստորագրել է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ հունվարի տասին այն հրապարակվել է բրիտական լրատվամիջոցներում:
Իր հրամանագրով թագուհին ուղղում է մտցրել գահաժառանգականության մասին օրենքում, որն ընդունվել էր մոտ 100 տարի առաջ: 1701 թվականին հաստատված կարգի համաձայն, թագ կրելու իրավունք, առանձին բացառություններով, ստանում էին թագավորական ընտանիքի միայն արական սեռի ժառանգները:
Գործող թագուհին գահակալել է միայն այն պատճառով, որ նրա հայրը` Գեորգ VI-ը, որդիներ չուներ: Առանց թագուհու վերջին հրամանագրի, եթե Ուիլյամը և Քեյթը դուստր ունենային, նա կստանար ընդամենը լեդիի տիտղոս և չէր կարող կոչվել «Ձերդ թագավորական գերազանցություն»: Ելիզավետա II-ի կողմից կատարված ուղղումը, այդպիսով, հավասարեցրել է իգական և արական սեռերի թագաժառանգների իրավունքները: Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնի հղիության մասին պաշտոնապես հայտարարվեց 2012 թվականի դեկտեմբերի սկզբին: