Մարդիկ սովորել էին Լևոն Տեր-Պետրոսյանի լիդերությանը, բայց դե փոխվում է ամեն ինչ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Փետրվարի 18-ին անցկացվելիք ընտրություններում Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված նախկին վարչապետ և «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով սոցցանցի օգտատերերի հարցերին հայտարարլ էց, որ ոչ մի դեպքում չի բոյկոտի ընտրությունների ընթացքն ու դուրս գա ընտապայքարից։
«Ոչ մի դեպքում դա հնարավոր չեմ համարում։ Դա կլինի նվեր իշխանություններին», – իր դիրքորոշումը մեկնաբանել է Բագրատյանը։
Օգտատերերից մի քանիսը հարցրել էին, թե ինչո՞ւ Բագրատյանը չսպասեց, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի ընտրություններին չմասնակցելու մասին, մինչև առաջադրվելը, նախկին վարչապետը պատասխանեց, որ դա իր որոշումն է․ «Դեռևս հուլիսին եմ ասել, երկու անգամ քննարկվել է ֆրակցիայում․․․ որևէ գաղտնիք չի եղել։ Սա իմ որոշումն է։ Ինչո՞ւ չհամբերեցի։ Է, լավ արեցի՝ չհամբերեցի։ Երբ որ ինձ ասվել է, արդեն ես գիտեմ՝ չի առաջադրվելու մարդը, ես ծաղրածուի նման երկու անգամ հետաձգում եմ համագումարի օրը։ Այսինքն՝ որ ի՞նչ»։
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները սկսել են իր դեմ պայքարել, Հրանտ Բագրատյանը, ով ՀԱԿ պատգամավորական խմբակցության պատգամավոր է, արձագանքել է, թե ինքն էլ գիտի այնպիսի ակտիվիստների, ովքեր իրեն օգնում են։ Իսկ իր դեմ պայքարողների վերաբերյալ էլ Բագրատյանը մեկնաբանել է՝ «մարդիկ սովորել էին Լևոն Տեր-Պետրոսյանի լիդերությանը, բայց դե փոխվում է ամեն ինչ»։
«Դուք իրո՞ք կարծում եք, որ կընտրվեք»՝ հարցել էր Ֆեյսբուքի օգտատերերից մեկը։ Բագրատյանը պատասխանել է․ «Իսկ ինչո՞ւ չպիտի դառնամ։ Ցույց տվեք մեկ ուրիշը, որ ինձանից խելոք է։ Ես չեմ ասում ինձանից պակաս են խելոք․ բոլորին հարգում եմ։ Ցույց տվեք մեկին, որ ծրագիր ունի, այդ ծրագիրը հրապարակված է։ Ես կածում եմ, որ նախագահական այս ընտրությունները պետք է տնտեսությունն առաջ գցեն։ Ինձ համար քաղաքականություն չկա, կա տնտեսություն։ Քաղաքականությունը լոզունգներ են, տնտեսությունը հաշվարկ է, գիտելիք»։
Կար նաև հարց, թե իր նախագահ ընտրվելու դեպքում ո՞վ կլինի վարչապետ, արտաքին գործերի նախարար, ֆինանսների նախարար։
«Կոնկրետ վարչապետի մասով կարող եմ նույնիսկ հրավիրել որեւիցե մեկին, օրինակ իմ լավ բարեկամ Հրայր Սիմոնյանցին, որը շատ հզոր տնտեսագետ է։ Քաղաքական մեծամասնությունը Հանրապետականն է։ Չեմ ասում ամբողջովին, բայց այնտեղ կան երկու-երեք երիտասարդներ, և այլն։ Ունենք շատ լուրջ արտգործնախարարի թեկնածուներ՝ Ալեքսանդր Արզումանյան, Վլադիմիր Կարապետյան։ Եթե մեկի անունը չեմ տալիս՝ թող ինձանից չնեղանան։ Ունենք լավ տնտեսագետներ, ասենք՝ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան, Էդվարդ Սանդոյան․․․ այս մարդիկ նույնիսկ կարող են ստանձնել Կենտրոնական բանկի գործը։ Արծվիկը Մինասյան վատ տնտեսագետ չէ», – պատասխանեց Հրանտ Բագրատյանը։
Նախագահ ընտրվելու դեպքում Բագրատյանը խոստանում է բարձրացնել կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձը այնքան, որ գնաճից պակաս չլինի, բանակը դարձնել վճարովի եւ ծառայելու հնարավորություն ընձեռել նաև կանանց, վերանայել հարկերը։
«Ժողովուրդը կսկսի բացել սեփական աշխատատեղը»,- խոստանում է նա։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, նա ասել է․ «Արգելում ենք քաղաքաբնակներին գյուղատնտեսական հողահանդակները մշակել, մինչև չդառնան գյուղական համայնքի անդամ, առավելություն ենք տալիս գյուղացուն, գյուղացուն դարձնում ենք կոոպերացիայի անդամ, գյուղացին ոչ թե մթերքն է վաճառում, այլ կիսամթերքը, նախնական վերամշակումը լինում է գյուղում, այն կոոպերատիվի մեջ, որտեղ անպայման բոլոր գյուղացիները մասնակցում են, և գյուղը մենք կվերականգնենք։ Դա կլինի թանկ, բայց դա կլինի այլ գյուղ»։
Հրանտ Բագրատյանը բանավեճի է հրավիրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն է հայտնել բանավիճել միայն նրա հետ, որովհետև, ըստ նրա, այս պահին միայն Սերժ Սարգսյանն ունի ներկայացված հստակ ծրագիր։