ԱԺ էթիկայի հանձնաժողովի առաջիկա նիստը` հունվարի 17-ին
Հունվարի 17-ին տեղի կունենա 2013թ. առաջին նիստը: Ըստ հանձնաժողովի կայքէջի, օրակարգում հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկման ընթացքի վերաբերյալ հարցն է: Ներկայումս հանձնաժողովի վարույթում են երեք դիմումներ:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, 2012թ.-ի դեկտեմբերի 7-ին հանձնաժողովը որոշել էր քննության վերցնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով:
Դեկտեմբերի 21-ից սկսված է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագծի վերաբերյալ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը:
Դեկտեմբերի 28-ից սկսված է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դիմումի քննությունը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է դիմումում բարձրացված հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 20 օրով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել և հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել: