«Արթուր Բաղդասարյանը 45 տարեկանում արդեն վերջացած մարդ է». ՀԱԿ անդամ
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինքը գրեթե նույնքան ձայն է հավաքել, որքան ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո բաց ասել, որ իրենք կայունության կողմնակից են և միացել են իշխանությանը: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանի այդ դիտարկումը մեկնաբանել է այսպես.
«Միշտ էլ դավաճանները նման արդարացումներ գտնում են, հո չե՞ն ասելու, որ իրենք դավաճաններ են: Արթուր Բաղդասարյանն ամենայն հավանականությամբ նորից հանրության աջակցության կարիքն ունի, երևի ինչ-որ ակնկալիք ունի էս ընտրություններից, հերթական ծառայությունը մատուցելու առումով, էդ պատճառով ստախոսության է դիմում, որովհետև էդ ժամանակ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանից շատ ձայն չի հավաքել, և էդ հնարավորությունը չուներ, եթե ունենար, միգուցե ուրիշ ձևով իր ձայները կվաճառեր»:
Վահագն Խաչատրյանը համոզված է, որ ժողովուրդն այլևս Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, և հերթական անգամ նրան չի հաջողվի ընտրազանգվածի վստահությունը շահելով ինչ-որ հարցեր լուծել, ինչպես դա եղավ 2008 թվականին: Ու քանի որ, ըստ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ն իր «խոսքի տերն է», և, ինչպես խոստացել են, առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀԱԿ անդամը նշել է. «Ինքը երևի իր կարգավիճակը նորից շտկելու անհրաժեշտություն ունի, և էդ պատճառով սուտ, իրականությունից հեռու հիմնավորում է տալիս: Էդ ո՞ր խոսքն է կատարել որ ինքը: Այո՛, հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ անձնավորություն է, հասարակությունը դա լավ գիտի, և դրա պատասխանը ԱԺ ընտրություններում հավաքած ձայներն են»:
Ու քանի որ, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր քաղաքական կարիերան նորմալ հունի մեջ է, քանի որ այս տարի կդառնա 45 և ոչ թե 68 տարեկան, ՀԱԿ անդամը նշել է. «45 տարեկանում էլ ինքն այլևս ոչ մեկին պետք չի, թող դուրս գա փողոց, կասեն իրեն՝ ինքը պե՞տք է, թե՞ չէ: Սերժ Սարգսյանին էր պետք մի անգամ, հիմա չգիտեմ ինչքանով, կարող է վաղը մյուս օրը պարզվի, որ նրան էլ պետք չի, այսինքն՝ էդ տարիքում ինքը վերջացած մարդ է, սա իր քաղաքական գործունեության տրամաբանությունն է»,- հավելել է Վահագն Խաչատրյանը: