ՕԵԿ-ը օրը հինգ դրամ չի բաժանե՞լ
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները մեկ փուլով են ավարտվելու և հաղթելու է Սերժ Սարգսյանը, որին նաև հավատարիմ են իրենք:
«Ե’վ Արթուր Բաղդասարյանը, և’ՕԵԿ-ը կյանքով ապացուցել ենք, որ մենք միշտ մեր որդեգրած սկզբունքներին տեր ենք, մեր խոսքը իրականության մեջ վերածվում է գործի: Այսօր մենք փոշման չենք, երբեք մենք չենք փոշմանել մեր արածից և հստակ, շիտակ կանգնած ենք մեր որոշմանը»,- «Ա1+»-ին ասել է նա։:
Իսկ ինչպե՞ս է ՕԵԿ-ը սատարելու Սերժ Սարգսյանին՝ հարցին, նա պապասխանել է. «Սա առաջին անգամն է մեզ մոտ և ընթացքն ավելի պարզ ցույց կտա: Մենք հիմա սերտորեն համագործակցում ենք Սերժ Սարգսյանի և ընդհանուր առմամբ ՀՀԿ նախընտրական շտաբերի հետ»։
ՕԵԿ-ը, նրա խոսքով՝ հատկապես պայքարելու է ընտրակաշառքի դեմ՝ առաջին հերթին բարոյապես:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նաև հայտարարել է. «Ես չեմ հարգում այն մարդուն, ով 5-10 հազարով իր ապագան է վաճառում»
Պարոն Մարգարյանն այսօր նույնիսկ հաշվել է թե 10 հազար դրամով իրենց ձայնը վաճառողները՝ ի՞նչ են ստանում 5 տարիների դիմաց. «Կլորացնեմ` 2000 օր, ստացվում է օրը 5 դրամ, 5 դրամով ոչինչ չի գալիս, լուցկին 10 դրամ է»։
Իսկ ՕԵԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե նախորդ ընտրություններին մուրաբա, հյութ եւ բջջային հեռախոսներ է բաժանել, պարոն Մարգարյանն հերյուրանք համարեց:
«Մեր ապրած կյանքով ապացուցել ենք, որ երբեք մենք ընտրակաշառքով չենք ընտրվել: Մեր վաստակած ձայները եղել են վստահության քվե: Սա ես ասում եմ հպարտությամբ, ուղիղ նայելով ձեր աչքերին, առանց գլուխս կախելու»։