Արամ Հարությունյանը ժողովրդին ուզում է հրապարակ տանել

«Ազգայի համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը չի պատրաստվում ընդունել նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի՝ մինչև հունվարի 15-ը միասնաբար ինքնաբացարկ ներկայացնելու կոչը: 168.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանն ասաց, թե ինքն ընդհանուր առմամբ դեմ չէ Ղուկասյանի գաղափարին, սակայն կարծում է, որ  նման քայլի համար պետք է ճիշտ ժամանակ ընտրել և հիմնավորել արածը:

«Ես գաղափարին կողմ եմ, որ Սերժ  Սարգսյանին  թողնենք միայնակ, բայց դրա համար նախ պետք է նախապատրաստվել»,- ասաց Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝  նախ անհրաժեշտ է օգտագործել քարոզարշավը և բացատրել ժողովրդին արվածի տրամաբանությունը: Ըստ Արամ Հարությունյանի՝ եթե մինչև հունվարի 15-ը հանեն իրենց թեկնածություններն, այլևս չեն կարողանա օգտվել իրենց եթերային իրավունքից և չեն կարողանա ոտքի հանել ժողովրդին:

«Եթե մենք ժողովրդին մի տեղ ենք ուզում տանել, ուզում ենք, որ գա հրապարակ, պետք է մինչ այդ գոնե մի 20 օր նախապատրաստենք: Ես համոզված եմ, որ արդյունքը մեծ կլինի: Հակառակ դեպքում՝ ուղղակի կարելի էր չառաջադրվել»,- նշեց Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Անդրեաս Ղուկասյանի այն պնդմանը, թե ովքեր ինքնաբացարկ չներկայացնեն, նշանակում է՝ ծառայում են Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգին, ապա Արամ Հարությունյանն այսպիսի պատասխան տվեց. «Երբ քարոզարշավը սկսեց, հստակ կերևա, թե ովքեր են ծառայում այդ համակարգին: Ես հիմա գիտեմ՝ ովքեր ծառայում, բայց ես չեմ ցանկանում ասել: Քարոզարշավը կսկսի, և ժողովուրդն իրենց կտեսնի, և ես կասեմ»:

Տեսանյութեր

Լրահոս