Թոշակառու կնոջը դանակի 10 հարված են հասցրել 5000 դրամ չունենալու պատճառո՞վ
Երեկ` հունվարի 10-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է սպանության մեջ մեղադրվող Հարություն Հարությունյանի քրեական գործի քննությունը:
Հ. Հարությունյանը ընդունել է իր մեղքը: Սակայն Իրավաբան.net-ի թղթակցի խոսքերով, ամբողջ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը ժպտում էր, դատարանի հարցերին պատասխանում կարճ, ժամանակ առ ժամանակ սպառնալիքի տեսքով հայտարարություններ հնչեցնում:
Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 16.06.12թ. ժամը 21:00-ի սահմաններում գնացել է Լալայան փողոցի 123/050 տնակ, որտեղ նույն տնակի բնակչուհի Ռ. Խաչատրյանի հետ վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով տասը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի, որովայնի հատվածներին և դիմել փախուստի: Ռ. Խաչատրյանը հարևանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ընդունարանում մահացել է:
Ամբաստանյալ ծնվել է 1991 թվականին, ունի միջնակարգ կրթություն, չի աշխատում և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով: Նրա հայրն իր ցուցմունքում նշել է, որ տղան բռնկվող է, ագրեսիվ, սակայն եթե նրան չվիրավորես նա վնաս չի տա: Նշել է նաև, որ Հարությունը 6-7 տարեկան հասակում նոր սկսել է խոսել, իսկ հետագայում` փայտ կոտրելու ընթացքում գլխին կացնով հարված է ստացել և արդյունքում վատթարացել է վերջինիս հոգեկան վիճակը:
Դատարանի այն հարցին, թե ինչու է ամբաստանյալը սպանել 77-ամյա կնոջը, վերջինս պատասխանել է, որ կինն իրեն հայհոյել է և, ըստ իրեն հասած լուրերի, անվանել է նաև «գործ տվող»: Հերթական վկայի ցուցմունքով, նաև տուժողի իրավահաջորդի ցուցմունքով` տուժողը մինչև մահանալը ասել է, որ Հարությունը իրենից 5000 դրամ է պահանջել, սակայն վերջինս չի ունեցել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը:
Ունի՞ արդյոք ամբաստանյալը հոգեկան խնդիրներ, և իրականում ի՞նչն էր 77- ամյա կնոջը դիտավորյալ կյանքից զրկելու պատճառը` պարզ կդառնա հերթական դատական նիստի ժամանակ:
Լուսաբեր Տեր-Գևորգյան