
Բեռլուսկոնին Մերկելին անհարմար դրության մեջ է դրել Էրդողանի պատճառով

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական RAI հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է 2009 թվականի ապրիլին Գերմանիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ գրանցված սկանդալային միջադեպի մասին:
Այն ժամանակ Բեռլուսկոնին ընդառաջ չէր գնացել իրեն ողջունել պատրաստվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և շուրջ մեկ ժամ խոսել էր հեռախոսով: Այս կապակցությամբ Բեռլուսկոնին հայտարարել է, որ Մերկելին չի կարողացել ողջունել, քանի որ այդ պահին իրեն զանգահարել է իր իսկ բնորոշմամբ սիրելի բարեկամ Էրդողանը և ինքը չի կարողացել անջատել հեռախոսը՝ ընդգծելով, որ անգամ մասնակցել է Էրդողանի որդու հարսանիքին:
Բեռլուսկոնին պատմել է, որ այն ժամանակ Դանիայի վարչապետ Ռասմուսենը պետք է դառնար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, ինչին ընդդիմանում էր Էրդողանը, ով տվյալ հարցի շուրջ գագաթաժողովի նախօրեին 4 ժամանոց հեռախոսազրույց է ունեցել իր հետ:
Բեռլուսկոնին հավելել է, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ իրեն հաջողվել է համոզել Էրդողանին, ով գիշերը մտածել է և հաջորդ առավոտյան զանգահարել է իրեն ու հայտնել Ռասմուսենի թեկնածության դեմ չառարկելու մասին, իսկ Անգելա Մերկելն էլ այդ ամենի համար շնորհակալություն է հայտնել իրեն: