Տղամարդուն մասնատած մարդասպանը սպանության վայրում սառնասրտորեն պատմում է սպանության մանրամասները (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժնում հարուցված ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնից ձեռնաշղթայված վիճակում Կուրղինյան փողոցին հարակից Դալմայի այգիներ այգեգործական տարածք է տեղափոխվել 52-ամյա Սերգո Երեմյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանում, սակայն փաստացի բնակվում է Դալմայի այգիներ այգեգործական տարածքի կիսակառույց տնակում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր տնակի հետնամասում հայտնաբերվել էր Ա. Հունանյանի դին: Սպանվածն ավարտել էր տնտեսագիտական համալսարանը և աշխատում էր Գրանտ Տոբակո ընկերությունում, իսկ նրա տղան օրեր առաջ էր զորացրվել զինված ուժերից: Եվ՛ հարևանները, և՛ ինքը՝ ստահակ մարդասպանը, պատմում էին, որ Ա. Հունանյանը բազմաթիվ անգամներ տարբեր հարցերով օգնություն և օժանդակություն է ցուցաբերել Ս. Երեմյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Երեմյանը դեպքի մանրամասները պատմում էր առանց խղճի խայթի զգացումի: Ի դեպ, Ս. Երեմյանը նախկինում դատապարտված է եղել ԽՍՀՄ Քրեական օրենսգրքի 99 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով և կալանքից ազատվել է 1996թ. սեպտեմբերին: