Կայսրության զինվորը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով (տեսանյութ)
Հունվարի 9-ին Ռուսաստանի պետական РТР հեռուստաընկերությունը ցուցադրել է իրեն ռուս ազգայնական հռչակած, գրող Ալեքսանդր Պրոխանովի պատրաստած հինգերորդ ֆիլմը, որը կոչվում է «Կայսրության զինվորը»` Солдат империи: Պրոխանովը պատմում է Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանի մասին, փորձելով բացահայտել դրա պատճառները: Ֆիլմում նա անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական հարաբերություններին և ամբողջովին խեղաթյուրում է պատմությունը, փորձելով հայերին ներկայացնել որպես արյունարբու ջարդարարներ, ովքեր առանց պատճառի հարձակվում էին խաղաղ ադրբեջանցիների վրա՝ նրանց պարտադրելով լքել իրենց բնակավայրերը, իսկ ադրբեջանցիներին՝ որպես հայկական ագրեսիայի զոհեր:
Պրոխանովն ասում է, որ հայերն ադրբեջանցիներին իրենց բնակավայրերից ստիպել են հեռանալ մինչև 1988թ. հայտնի իրադարձությունները: Նրա ասածները, բնականաբար, որևէ պատմական կամ փաստագրական ապացույց չունեն: Պրոխանովը Ղարաբաղը ներկայացնում է որպես Պատմական Ադրբեջանի տարածք, որի նկատմամբ հայերն անհիմն հավակնություններ են ներկայացնում:
Իհարկե, սա առաջին հակահայկական հաղորդումը չէ, և սրան կարելի էր վերաբերվել՝ որպես հերթականի, համարել, որ այն պատվիրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Բայց կան մի քանի հանգամանքներ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել:
Առաջինն այն է, որ ռուսական եթերում ավելի հաճախակի են դառնում հակահայկական ելույթները. ընդամենը մի քանի ամիս առաջ «Однако» հաղորդման հեղինակ Միխայիլ Լեոնտևը խոսելով Հայաստանի մասին՝ ասել էր, թե Հայաստանը կարող է ծառայել՝ որպես չկայացած պետության կատարյալ օրինակ, և, որ ժամանակակից Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա կա բացառապես Ռուսաստանի շնորհիվ: Եթե Լեոնտևի որոշ պնդումների հետ կարելի էր համաձայնել և ընդամենը հակադարձել, որ պակաս չկայացած երկիր չէ նաև Ռուսաստանը, կամ Ռուսաստանն էլ կա հայերի շնորհիվ, քանի որ հարյուր-հազարավոր հայեր իրենց կյանքը տվել են Ռուսաստանի ազատագրման համար, և նման բաներ, ապա Պրոխանովն ուղղակի ծայրից ծայր խեղաթյուրում է պատմական իրականությունը և փաստերը ներկայացնում գլխիվայր շրջված:
Կարևոր է նաև, որ Պրոխանովի հաղորդումը եթեր է հեռարձակվում պետական հեռուստատեսությամբ, որը ֆինանսավորվում է պետության բյուջեից: Պուտինյան Ռուսաստանում, ուր ամեն ինչ վերահսկվում է, իսկ պետական հեռուստատեսությունը՝ առավել ևս, դժվար է հավատալ, որ նման բովանդակությամբ հաղորդումը կարող էր եթեր հեռարձակվել՝ առանց համապատասխան թույլտվության: Իսկ եթե այն եթեր է հեռարձակվել՝ ունենալով պետական թույլտվություն, ապա նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունը հայերին ու Հայաստանին ինչ-որ բան է ուզում հասկացնել: Հասկացնել, որ Ռուսաստանը կարող է փոխել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ղարաբաղի պատկանելության նկատմամբ, կամ գուցե արդեն փոխել է:
Ամանորյա տոների օրերին ռուսական լրատվամիջոցները հակահայկական սադրանքի մի փորձ էլ արեցին՝ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի անունից հայտարարելով, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և այն պատկանելու է Ադրբեջանին: Ճիշտ է, վրաց պատրիարքի մամուլի գրասենյակի ղեկավարը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ Իլյա Երկրորդը Ղարաբաղի պատկանելությանը չի անդրադարձել, սակայն ռուսական լրատվամիջոցների սադրանքի ազդեցությունը մնաց:
Հայաստանը համառորեն չի ենթարկվում Ռուսաստանի կամքին և չի անդամագրվում Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը, այլ ընդհակառակը` Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ միանալ Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրին: Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու մի քանի միջոց ունի, որոնցից ազդեցիկները երկուսն են. գազը և Ղարաբաղը: Ռուսները գազն արդեն վաճառում են միջազգային գներով, երևի նրանք որոշել են անցնել շանտաժի վերջին միջոցին՝ Ղարաբաղին: Հայաստանը Մաքսային միություն և Եվրասիական միություն կարող է մտնել միայն նոր պատերազմի և Ղարաբաղը կորցնելու անմիջական սպառնալիքի կամ դրա իրականացման դեպքում: