Սամսոն Ղազարյանի պաշտպանը գտնվում է նախավիրահատական շրջանում

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը առաջիկա երկուշաբթի ըստ ամենայնի ենթարկվելու է աչքի վիրահատության, ներկայումս նա կատարախտ ախտորոշմամբ գտնվում է նախավիրահատական շրջանում: Այս մասին պաշտպանը հեռախոսով տեղեկացրել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին և խնդրել այսօրվա նիստը ողջամիտ ժամկետով հետաձգել: Դատարանը դատական նիստը նշանակել է հունվարի 25-ին:

Այսօրվա նիստում ճառերով պետք է հանդես գային տուժողն ու պաշտպանական կողմը, իսկ նախորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես էր եկել մեղադրող Սամվել Հարությունյանը՝ նա պնդել էր մեղադրանքը իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը, հայտարարել, որ Սամսոն Ղազարյանը կատարել է ծանր և միջին ծանրության հանցագործություններ, որոնք «վերջին շրջանում լայն տարածում են ստացել մեր կյանքում» և հասարակական վտանգավորություն են ներկայացնում, ուստի միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Ս. Հարությունյանը, մասնավորապես, հաստատված էր համարել, որ տուժող Մեխակ Գաբրիելյանը Ս. Ղազարյանից պարտքով վերցրած գումարի դիմաց պարտաճանաչ վճարել է 3.5-5-10 տոկոս, ինչպես նաև մարել պարտքի մայր գումարը: «Եվ այս ամենից հետո Սամսոն Ղազարյանի մոտ մնացել է ցանկություն մի փոքր էլ ավելին ստանալ՝ 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն չհասնելով իր նպատակին, այսինքն՝ չստանալով հավելյալ 10 հազար ԱՄՆ դոլարը, ամբաստանյալը մեղմ ասած՝ զայրացել է և հավանաբար այս պատճառով, չմտածելով հետևանքների մասին, իր մոտ պահած, ըստ էության ոչնչացման ենթակա ստացականը ներկայացրել է դատարան և պահանջել ոչ ավել, ոչ պակաս՝ 60 հազար ԱՄՆ դոլար և իրավունք է ձեռք բերել տուժողի գույքի նկատմամբ»,- ասել էր մեղադրողը, հավելելով՝ ամբաստանյալը կատարել է հափշտակություն խարդախության եղանակով:

Ս. Հարությունյանն ընդգծել էր, որ վկաները միաբերան հաստատել են, որ Ս. Ղազարյանը տոկոսով գումար է տվել և ամբողջությամբ ստացել մայր գումարն ու տոկոսները, ընդ որում, վճարված տոկոսների գումարը գերազանցել է մայր գումարը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս