Էպոսագետն ինքնաբացարկ չի ներկայացնի
«Դա անիմաստ ու անպտուղ քայլ է լինելու: Սերժ Սարգսյանը միայնակ կանցկացնի ընտրությունները, Ընտրական օրենսգիրքը դա թույլ է տալիս, կհավաքի անհրաժեշտ իր թիվը` ասենք, 53 կամ 54 տոկոս, հետո միջազգային հանրությանը և ինքը, և իր Հանրապետականները կասեն` տեսաք, որ ասում էինք թեկնածու չկա»,-168.am-ին ասաց ՀՀ նախագահ թեկնածու, անկուսակցական Վարդան Սեդրակյանը` մեկնաբանելով մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է մյուս թեկնածուներին` առաջարկելով մինչև հունվարի 15-ը հանդես գալ միասնական ինքնաբացարկով և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի կարծիքով, եթե 2012թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվեին մանդատներից, դա արդյունք կտար, այնինչ հիմա և իր` դեռևս քաղաքականության մեջ անհայտ մարդու, և թեկնածություն ներկայացրած,սակայն քաղաքական կշիռ չունեցող կուսակցություննրի հրաժարականը որևէ արդյունք չի տա:
Նախագահի էպոսագետ թեկնածուն նկատեց, որ ինքը թեկնածություն չէր առաջադրի, եթե ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը բոյկոտեին ընտրությունները:
«Այդ ժամանակ ես էլ չէի առաջադրվի, քանի որ կհասկանայի, որ ժողովրդի պատվերը, ժողովրդի պահանջը դա է, իսկ հիմա ինչի համար գնաս մի քայլի, որն անպտուղ է»,-նշեց թեկնածուն:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի առաջարկած քաղաքացիական շարժման գաղափարին, ապա այն այս պահի դրությամբ, ըստ Վարդան Սեդրակյանի, դա դժվար է նախաձեռնել:
«Հասարակական շարժում ստեղծելը շատ նուրբ բան է, դա երկար ճանապարհ է, պետք է իմանաս` ով է քո կողքին»,- նկատեց Վարդան Սեդրակյանը:
Վարդան Սեդրակյանը կոռեկտ չհամարեց պատասխանել այն հարցին, թե ինչու է Անդրիաս Ղուկասյանն նման առաջարով հանդես գալիս: